Գործատուն չի ուզում ընդունել այնպիսի մեկին, որն աշխատանքի անցնելու պահից արդեն փնտրում է նոր աշխատատեղ․ Emmy մրցանակի 5-ակի նոմինանտ Դենիել Սիբերգի հարցազրույցը՝ Tert.am-ին (տեսանյութ)

12:35 • 08.05.26

Career City Fest 2K26-ի շրջանակում Հայաստանում էր Google-ի թիմի նախկին անդամ, Emmy մրցանակի 5-ակի նոմինանտ, GoodTrust-ի և Civil-ի համահիմնադիր Դենիել Սիբերգը։ Նրա հետ Tert.am-ը խոսել է նորագույն տեխնոլոգիաների հետ առողջ հարաբերությունների, գործատուների պահանջների, աշխատանքում սերունդների տարբերության և այլ թեմաների մասին։ 

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

- 2011թ․ Դուք գրել եք «The Digital Diet» գիրքը՝ տեխնոլոգիաների հետ առողջ հարաբերությունների մասին։ Ինչպիսի՞ն է վիճակը 15 տարի անց։

- Դե, երբ գրում էի այդ գիրքը, ընդամենը մեկ երեխա ունեի, որն այդ ժամանակ մոտ 1 տարեկան էր։ Իսկ հիմա 2 դուստր ունեմ. մեկը շուտով կդառնա դեռահաս, իսկ մյուսն արդեն դեռահաս է։ Եվ հիմա ես ավելի շատ եմ մտածում տեխնոլոգիաների հետ մեր կապի մասին ու այն մասին, թե որքան բան է փոխվել անցած 14-15 տարիների ընթացքում։

Աղջիկներս երկուսն էլ հեռախոս ունեն, բայց մենք հստակ կանոններ ենք սահմանել։ Օրինակ՝ թե որքան ժամանակ կարող են անցկացնել դրանցով կամ որ օրվա վերջում՝ քնելուց առաջ, հեռախոսները պետք է մնան սենյակից դուրս։ Դա օգնում է խուսափել գայթակղությունից ու չցրել ուշադրությունը։

Բայց եթե մի կողմ դնեմ իմ ընտանեկան հոգսերն ու անձնական տեսակետս, կարծում եմ՝ այդ ժամանակից ի վեր մենք ավելի կախյալ ենք դարձել մեր սարքերից ու հաղորդակցման ձևերից։ Հիմա դժվար է պատկերացնել պահեր, երբ մենք լիովին օֆլայն ենք։ Հեռախոսները միշտ մեզ հետ են, մենք դրանք գրեթե չենք անջատում, անդադար համակարգչի մոտ ենք։ Այդ անվերջանալի ձայներն ու ծանուցումները կարող են ազդել մեր մտավոր ու ճանաչողական ունակությունների վրա։ Ազդում են կենտրոնանալու, ինքնուրույն մտածելու վրա և կտրում են մեզ մեր շուրջը կատարվող իրադարձություններից։

Ես գրեցի այդ գիրքը, որովհետև ինքս էլ այնքան էլ լավ չէի կառավարում տեխնոլոգիաների հետ իմ կապը։ Գրեցի, որովհետև տեսնում էի, որ դա խնդիր է դառնում ինձ համար, իսկ աշխատանքիս բերումով հասկանում էի, որ այն կարող է ավելի մեծ խնդիր դառնալ բոլորիս համար։

Այդուհանդերձ, նկատել եմ, որ հիմա ավելի շատ մարդիկ են փորձում գտնել տեխնոլոգիաներից անկախանալու ուղիներ։ Կարծես սրա շուրջ մի ամբողջ շարժում է սկսվել։ Կա մի նոր սարք, որը կոչվում է «Brick» (աղյուս). դուք այն ամրացնում եք ձեր սմարթֆոնին, և այն վերացնում է բոլոր ծանուցումներն ու շեղող հանգամանքները։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե նույնիսկ ուղղակի անջատեք հեռախոսի գույներն ու դարձնեք այն սև ու սպիտակ, այն արդեն այդքան հետաքրքիր ու շեղող չի լինի։ Իսկ եթե լիովին անջատեք ծանուցումները, մի տեսակ ազատություն կզգաք։ Եվ երբ իսկապես ցանկանաք նայել ձեր հեռախոսին կամ համակարգչին, կանեք դա, բայց այլևս ձեզ կառավարվող չեք զգա։

Այն գլխավոր ուղերձը, որը կցանկանայի փոխանցել, հետևյալն է. որպես մարդկային տեսակ, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, մենք պետք է հասնենք նրան, որ տեխնոլոգիաներն աշխատեն մեզ համար, և ոչ թե հակառակը։ Լինի դա արհեստական բանականություն, թե մեր սովորական սարքերը, մենք դրանց մեջ պետք է տեսնենք միայն արժեք ու գործիք։ «Տեխնոլոգիա» բառը, որքան գիտեմ, հունական ծագում ունի և նշանակում է մի բան, որը մարդն ստեղծել է իրեն օգնելու, կյանքն ավելի լավը կամ հեշտ դարձնելու համար։

Եվ ես հուսով եմ, որ մենք կպահպանենք մեր մարդկայնությունն այս ամենի մեջ։ Եթե տեսել եք «WALL-E» մուլտֆիլմը, հիշում եք՝ այնտեղ մարդիկ ուղղակի սավառնում էին տիեզերքում՝ օդում սահող աթոռներին նստած, էկրաններով ու մեծ ըմպելիքներով։ Դա մի քիչ մղձավանջային է։ Արդյո՞ք դա է այն ապագան, որը մենք ուզում ենք՝ կյանքն այնքան հեշտացնել, որ ուղղակի անդադար նստած լինենք։ Ես հուսով եմ, որ ապագա սերունդները կլինեն ավելի գիտակից ու զգոն տեխնոլոգիաների հարցում, և որ դրանք կծառայեն մեզ, բայց ոչ մեր մարդկայնությունը կորցնելու հաշվին:
 

-Տեխնոլոգիաներն ու ֆինանսական միջոցներն այսօր դարձել են մեր աշխատանքի, մեր առօրյայի անբաժան մասը։

- Այո՛։ Ուզենք թե չուզենք՝ դրանք այլևս ոչ մի տեղ չեն անհետանալու։ Ուստի հիմա լավագույն հնարավորությունն է՝ մտածելու հաջորդ սերունդների մասին և օգնելու նրանց, որ առողջ հարաբերություններ կառուցեն տեխնոլոգիաների հետ։ Գուցե դա բոլորի մոտ չստացվի, բայց եթե մեզ հաջողվի սերմանել տեխնոլոգիաների հանդեպ այդ գիտակից մտածելակերպը, ապա կարծում եմ՝ մենք՝ որպես մարդկային տեսակ, փրկվելու շանս կունենանք։
 

-Չնայած գիրքն ավելի շատ անհատների մասին է, ո՞րն է այն հիմնական գաղափարը, որը, Ձեր կարծիքով, առաջնորդները պետք է կիրառեն իրենց ամենօրյա աշխատանքում:

- Գիտեք, ինձ համար լավագույն առաջնորդությունը հենց մարդկային լինելն է: Ոչ մի կատարյալ գրված էլեկտրոնային նամակ, հաղորդագրություն կամ գրառում սոցիալական ցանցերում չի կարող փոխարինել մարդկանց միջև այն անմիջական կապին, որը բիզնեսում առաջնորդության հիմքն է: Ես հույս ունեմ, որ գործարար առաջնորդները նույնպես կտեսնեն այդ հնարավորությունը՝ զարգացնելու իրենց հաղորդակցման հմտությունները, մարդկանց հետ աշխատելու կարողությունը և սեփական անձի աճը:

Այո՛, այդ ամենի մի մասը կարելի է սովորել տեխնոլոգիաների միջոցով. երբեմն հենց էկրանների օգնությամբ ենք մենք գիտելիք ստանում: Բայց կիրառել այդ ամենը պետք է կենդանի շփման մեջ: Ահա, մենք հիմա նստած հարցազրույց ենք անում. մենք կարող էինք այս հարց ու պատասխանը նամակագրությամբ անել, բայց տեխնոլոգիան չպետք է փոխարինի կենդանի շփմանը: Լավագույն առաջնորդները նրանք են, ովքեր ոգեշնչում են մեզ հենց իրենց մարդկային տեսակով: Եվ եթե էկրաններն ու մնացած ամեն ինչը խանգարում են դրան, ապա դա սկսում է սահմանափակել մեր՝ որպես մարդ էակի ողջ ներուժը:
 

-Պարո՛ն Սիբերգ, Դուք աշխատել եք CNN-ում, CBS-ում, ABC-ում և Google-ում: Որտե՞ղ է սահմանը ոգեշնչող սթորիթելինգի և մանիպուլյացիայի միջև։ Եվ ի՞նչ կարող են հայկական մեդիան ու բիզնեսը սովորել համաշխարհային փորձից:

- Գիտեք, ես վաղուց լրագրությամբ չեմ զբաղվում, բայց երբ պատմություններ էի ստեղծում տարբեր ընկերությունների մասին, միշտ փորձում էի հասկանալ նրանց «ինչուն»։ Ինչո՞ւ է սա արժեքավոր, ի՞նչ հարց է այն լուծում, և ինչո՞ւ է դա կարևոր հենց այդ մարդու կամ նրա թիմի համար։ Կարևորը ոչ թե ընկերության հաջողությունն է, թե որքան եկամուտ կամ հաճախորդներ ունեն, այլ հենց այդ «ինչուն»։ Դա է գրավում լրագրողին, որովհետև դրա մեջ մարդկային պատմություն կա։ 

Ընկերություն ստեղծելը դժվար է, երբեմն՝ վախենալու, երբեմն էլ՝ միայնակ զգալու պահեր են լինում։ Եվ սա հիանալի հնարավորություն է հայկական բիզնեսների համար՝ դուրս գալ համաշխարհային բեմահարթակ և ասել. «Մենք ապրում ենք Երևանում, մենք ապրում ենք Հայաստանում և ստեղծել ենք այս գործը՝ լուծելու համար այս կոնկրետ խնդիրը»։ Գուցե դա միայն Հայաստանին բնորոշ խնդիր է, բայց գուցե այն ունի գլոբալ կիրառություն։ Հենց այդտեղից՝ «ինչուից» սկսելն է օգնում, որ ձեր պատմությունը տարածվի ու հասնի ավելի շատ մարդկանց։

Ինչպես այստեղ՝ Career City Fest-ի ժամանակ ենք քննարկում, հենց այդ «ինչուն» է ձգում տաղանդավոր մարդկանց, որոնց դուք ուզում եք տեսնել ձեր կազմակերպությունում։ Ես հուսով եմ, որ որևէ ընկերություն երբեք չի կորցնի իր այդ նախնական նպատակը։ Դրա համար են հիմնադիրների պատմություններն այդքան կարևոր։ Երբ դու աշխատանքի ես անցնում մի տեղ ու լսում ես հիմնադրի պատմությունը, դու հիշում ես այն, կիսվում ես դրանով ու սկսում ես ինքդ մարմնավորել այդ գաղափարը։ Այնպես որ, հուսով եմ՝ սա այն հիմնական միտքն է, որը մարդիկ իրենց հետ կտանեն այս միջոցառումից։
 

-Իսկ որտե՞ղ է սահմանը ոգեշնչող պատմության և մանիպուլյացիայի միջև:

- Գիտեք, այդ սահմանը ճշմարտության մեջ է։ Իհարկե, կարելի է երկար վիճել, թե որն է ճշմարտությունը. մարդիկ հաճախ ասում են՝ «իմ ճշմարտությունը», «քո ճշմարտությունը» կամ «բացարձակ ճշմարտությունը»։ Ժամանակին, որպես լրագրող, ինձ վճարում էին հենց ճշմարտությունը գտնելու համար։ Իսկ դրան հասնելը երբեմն շատ դժվար է. այն կարող է լինել անհարմար, բարդ կամ նույնիսկ անորոշ։ Բայց հենց դա է աշխատում։ 

Հիմա շատ են խոսում «անկեղծության» մասին, որը հաճախ օգտագործում են որպես ճշմարտության հոմանիշ։ Երբ դու թափանցիկ ես, երբ չես վախենում ցույց տալ քո խոցելիությունը, խնդիրներն ու այն դժվարությունները, որոնց միջով անցնում ես, մարդիկ հավատում են քեզ։ Մանիպուլյացիան սկսվում է այնտեղ, որտեղ փորձում են «քաղցրացնել» իրականությունը։ Մարդիկ փորձում են ամեն ինչ ավելի լավ ներկայացնել, քան կա իրականում, կարծելով, թե դա ավելի շատ մարդկանց կգրավի։ «Ամեն ինչ կատարյալ է, մենք միայն հաջողություններ ունենք»։

Բայց հեգնանքն այն է, որ դա հակառակ ազդեցությունն է թողնում. մարդկանց դա վանում է, որովհետև նրանք զգում են՝ մի բան այն չէ։ Մենք բոլորս էլ ճշմարտությունը զգալու ներքին «ալեհավաք» ունենք։ Լավագույն լրագրողներն ու պատմություն ստեղծողները ձգտում են հնարավորինս մոտ լինել իրականությանը, որովհետև գիտեն՝ մարդիկ հենց դա են ուզում լսել։

Որքան էլ դժվար լինի անկեղծ լինելը, վերջիվերջո հենց դա է մնում մարդկանց հիշողության մեջ ու արձագանք գտնում նրանց սրտերում։ Մանիպուլյացիան և այն ձևացնելը, թե ամեն ինչ հիանալի է, երկար չեն տևի. մարդիկ վաղ թե ուշ կհասկանան։ Մենք բոլորս գիտենք պատմություններ, թե ինչպես են ընկերությունները կեղծում հաշվետվությունները կամ փորձում խաբել մամուլին. գուցե ինչ-որ ժամանակ դա աննկատ մնա, բայց ի վերջո ամեն ինչ փլուզվում է։ Ճշմարտությունն այն միակ բանն է, որը դիմանում է ժամանակի փորձությանը։

-Ըստ Ձեզ՝ ո՞ր մասնագիտություններն առավել պահանջված կլինեն աշխատաշուկայում առաջիկա 2-3 տարիներին, և որո՞նք կկորցնեն իրենց արդիականությունը մինչև 2030 թվականը:

Ես մի պատասխան ունեմ, որը կեսկատակ է, բայց նաև՝ բավականին լուրջ։ Իհարկե, բոլորը խոսում են այն մասին, որ արհեստական բանականությունը շատ աշխատատեղեր է փոխարինելու։ Հիմա հաճախ են կատակում, որ սանտեխնիկի կամ ֆիզիկական աշխատանք պահանջող այն մասնագիտությունները մեր մշակույթում երկար ժամանակ երկրորդ պլան են մղվել։

Մենք տարիներ շարունակ գերադասել ենք ՏՏ ոլորտը, ծրագրավորումը, ինժեներիան՝ այն ամենը, ինչ սովորում ես մտքով և կիրառում ստեղնաշարի միջոցով։ Բայց այն գործերը, որտեղ պետք է ինչ-որ բան սարքել կամ հասկանալ, թե ինչպես են ֆիզիկական համակարգերն աշխատում, չեն անհետանալու։ Մենք ապրում ենք նյութական աշխարհում, և բոլորիս էլ լավ սանտեխնիկա է պետք։ Այնպես որ, այս մասնագիտությունները կարող են նորից վերելք ապրել. գուցե այստեղ ավելի շատ վաստակեն կամ ավելի երկար աշխատեն։ Մինչդեռ այն աշխատանքները, որոնք պահանջում են պարզապես տեքստեր գրել կամ անել մի բան, որն ԱԲ-ն կարող է հեշտությամբ փոխարինել, միանշանակ վտանգված են։

Եկեք մի այսպիսի վարժություն անենք. մի պահ պատկերացնենք (թեև սա մի քիչ վախենալու է), որ արհեստական բանականությունը խլում է բոլոր աշխատանքները։ Ուղղակի ենթադրենք։ Այդ դեպքում ի՞նչ ենք մենք ուզելու անել։ Ո՞րն է լինելու մեր նպատակը՝ որպես մարդ։ Մենք այստեղ ենք միայն նրա համար, որ ստեղնաշարի վրա ինչ-որ բան հավաքենք կամ լծակնե՞ր սեղմենք, թե՞ կա մի կիրք, որը պետք է գտնենք։ Եթե ԱԲ-ն իսկապես փոխարինի մեր նախկին աշխատանքին, ի՞նչ նոր բան կարող ենք բացահայտել մեր մասին, որն իրականում արժեքավոր է։
 

-Մենք ինքնաճանաչմամբ կզբաղվենք:

- Այո՛, և ես չեմ ասում, թե դա հեշտ է լինելու, որովհետև արդեն տեսնում եմ, թե ինչպես է ԱԲ-ն փոխարինում այն ամենին, ինչ ես նախկինում անում էի։ Օրինակ՝ ես կարծում էի, թե կարող եմ որոշակի ձևով տեքստեր գրել կամ խմբագրել։ Բայց եթե տեքստը տաս ԱԲ-ին, նա այն կխմբագրի վայրկյանների ընթացքում։ Ինձնից դա շատ ավելի երկար կխլի. գուցե այդ տարբերակն ավելի լավը լինի, բայց ես ինձ այլևս «փայլուն խմբագիր» չեմ համարում՝ ԱԲ-ի հետ համեմատած։

Սակայն ես սիրում եմ պատմություններ ստեղծել և օգնել մարդկանց պատմել իրենց մասին։ Իսկ ԱԲ-ն այդտեղ սահմանափակ է։ Այն ընդամենը էկրան է։ Նույնիսկ եթե ավատար է կամ ռոբոտ, այն միևնույն է մարդ չէ, որն ունի իրական զգացմունքներ, գիտակցություն, որն ապրում է իր կյանքով ու գիշերները քնում է։ Սա նշանակում է, որ կան հնարավորություններ՝ վերագտնելու և վերափոխելու ինքներդ ձեզ։ Եվ սա այն է, ինչի մասին բոլորս պետք է սկսենք մտածել հենց հիմա։

Արհեստական բանականության այս ալիքը հիմա անցնում է մեր միջով, և շատերն ասում են, որ մենք դեռ միայն սկզբնական փուլում ենք։ Մենք նոր ենք հասկանում, թե որ մասնագիտությունները կարող են անհետանալ։ Եվ եթե զգում եք, որ ձեր աշխատանքը կարող է փոխարինվել, ապա հաջորդ քայլի մասին մտածելու լավագույն ժամանակը երեկն էր, իսկ երկրորդ լավագույն ժամանակը հենց հիմա է։ Մի՛ սպասեք, որ ալիքը ձեզ տանի։ Զարգացրեք ձեր մտածելակերպը, նայեք շուրջներդ ու մտածեք, թե էլ ինչ կարող եք անել։

Վտանգն այն է, որ մենք կորցնում ենք այն փաստը, որ այս մոլորակի վրա յուրաքանչյուր մարդ արժեքավոր է։ Մարդիկ երբեմն հեգնանքով են մոտենում «բոլորս էլ յուրահատուկ ենք» գաղափարին, բայց իրականությունն այն է, որ մենք բոլորս էլ ներդնելու ինչ-որ բան ունենք։ Բոլորս ունենք պատմություն և գերունակություններ։ Խնդիրը դրանք գտնելն է։ Երբեմն մենք կլանված ենք լինում աշխատանքով և պարզապես անում ենք մեր գործը՝ առանց կիրառելու մեր այդ գերունակությունները։

Սա պահանջում է մտածել՝ ի՞նչն է մեզ համար իրականում կարևոր։ Ո՞րն է մեր «ինչուն»։ Ինչո՞ւ ենք մենք այստեղ։ Եվ դա կարող է հանգեցնել լիովին այլ մասնագիտության։ Դուք կարող եք կյանքը սկսել մի գործով: Ես լրագրող էի, բայց արդեն ավելի երկար ժամանակ է, ինչ լրագրությամբ չեմ զբաղվում, քան այն ժամանակը, որը նվիրել եմ այդ մասնագիտությանը։ Երկար ժամանակ դա իմ ինքնությունն էր, բայց ձեր աշխատանքը դուք չեք։ Այն ձեր ինքնությունը չէ, այլ այն, ինչ դուք անում եք։ Այն պետք է լինի իմաստալից, բայց այն, թե ով եք դուք և ձեր անձնական աճի ուղին, իդեալականում պետք է օգնեն ձեզ և՛ գումար վաստակել, և՛ ապրել ձեր կյանքը՝ հետամուտ լինելով ձեր բոլոր երազանքներին։ Իսկ ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով իր մտքի խորքում չունենա նման երազանքներ։
 

-Իսկ ի՞նչ պետք է ավագ սերունդն անվերապահորեն վերցնի երիտասարդներից։ Դուք Ձեր ելույթում արդեն նշել էիք այս մասին. նկատի ունեմ Z և Ալֆա սերունդներին՝ կարիերայի կառուցման տեսանկյունից։ Եվ հակառակը՝ ի՞նչ կարող է երիտասարդությունը սովորել ավագներից։ 

- Որպես օրինակ բերեմ իմ աղջիկներին։ Մեծ դուստրս 15 տարեկան է։ Որպես հայր, որպես ծնող՝ բնական է, որ հաճախ եմ հարցնում նրան՝ ինչո՞վ է ուզում զբաղվել, ի՞նչ է մտածում, ի՞նչն է իրեն հուզում։ Եվ երբ նա պատասխանում է՝ «չգիտեմ», ես սկսում եմ ինքս իմ մեջ մտածել. «Արդյո՞ք ես լավ ծնող եմ, միգուցե բավարար չեմ օգնում նրան հասկանալ իր հնարավորությունները»։ 

Բայց մյուս կողմից՝ այսօրվա երիտասարդները տեսնում են շատ ավելին, քան մենք։ Նրանք ունեն համացանց, YouTube, տեսնում են՝ ինչով են զբաղվում մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում։ Նրանք ինչ-որ տեղ նույնիսկ ընտրության առատությունից են շփոթվում։ Կարծում եմ՝ նրանց համար կարևոր է գտնել այն միակ բանը, որի մասին չեն դադարի մտածել ու սովորել։ Գուցե նրանք դա չգտնեն 15 տարեկանում, բայց մի օր կհայտնվի մի բան, որն ուղղակի կկլանի նրանց։

Ավագ սերունդների ժամանակ ընտրությունը քիչ էր։ Մարդիկ ապրում էին փոքր համայնքներում, հաճախ չգիտեին՝ ինչ է կատարվում աշխարհում։ Ունեիր արհեստ կամ մասնագիտություն, որն ընտանիքից էր գալիս, ու անում էիր այն, ինչ քեզնից սպասվում էր։ Բայց այն, ինչ մենք կարող ենք սովորել այդ սերնդից, երկար ժամանակ մեկ գործի վրա կենտրոնանալու կարողությունն է։ Հիմա երիտասարդները հակված են աշխատանքը փոխել մի քանի տարին մեկ։ Դա վատ չէ, կարելի է նոր բաներ սովորել, նոր ընկերություններ գնալ։ Բայց ի՞նչ արժեք ունի այն փորձը, երբ մարդը տարիներ ու տասնամյակներ շարունակ հղկում ու կատարելագործում է իր արածը։

Իդեալական տարբերակը հենց այդտեղ է՝ մեջտեղում։ Գործատուն չի ուզում վերցնել մեկին, ով հենց աշխատանքի անցնելու պահից արդեն նոր տեղ է փնտրում։ Բայց նաև չի կարող ակնկալել, որ մարդը 30 տարի կմնա նույն տեղում։ Կարևորը հավասարակշռությունն է. տալ մարդուն հնարավորություն՝ ներդնել իր ողջ ներուժը այդ գործում այնքան ժամանակ, որքան նա մեզ հետ է, իսկ հեռանալիս՝ շնորհակալություն հայտնել ու հաջողություն մաղթել։

Չպետք է մոռանալ, որ ժամանակի հետ դու իսկապես ավելի լավն ես դառնում քո գործում։ Ինքնավստահությունը գալիս է փորձից ու հաջողությունների կրկնությունից, ինչը նշանակում է՝ նաև դժվարությունների միջով անցնելուց։ Երբեմն երիտասարդները, հանդիպելով դժվարության, ուզում են հանձնվել ու հեռանալ։ Բայց մենք պետք է սովորենք դիմակայել ու առաջ գնալ։ Եթե չափազանց շուտ ես լքում աշխատանքը, դու այդպես էլ չես բացահայտի այն ամենը, ինչի ընդունակ ես։

Այսպիսով, ամենակարևորը «վստահ խոնարհությունն» է. երբ ժամանակի հետ ձեռք ես բերում վստահություն, բայց անկախ տարիքիցդ՝ պահպանում ես այն խոնարհությունը, որ միշտ էլ սովորելու նոր բան կա։ Հենց այդպես ես կարողանում հարցեր տալ, անդադար զարգանալ և գիտելիքը փոխանցել հաջորդ սերնդին։

-Եվ իմ վերջին հարցը. եթե մարդիկ Ձեր ելույթից հիշեն միայն մեկ նախադասություն, ո՞րը Դուք կցանկանայիք, որ այն լիներ:

- Օ՜, սա բարդ հարց է։ Գիտեք, ես հուսով եմ՝ նրանք կհիշեն ոչ թե կոնկրետ նախադասություն, այլ մի գաղափար, մի զգացողություն՝ հավատալ սեփական ուժերին։ Ես իմ ելույթի ժամանակ էլ նշեցի, որ հեռախոսիս վրա գրված է՝ «Հավատա՛ ինքդ քեզ»։ Այսինքն՝ ես կանգնած եմ բեմում, մարդկանց կոչ եմ անում հավատալ իրենց, բայց ինքս էլ պետք է հիշեմ դրա մասին։

Շատ հեշտ է մոռանալ դա, որովհետև անկախ նրանից, թե որքան հաջողակ ես կյանքում, միշտ հայտնվելու է մի նոր բան, մի նոր մարտահրավեր, որի մասին դու ոչինչ չգիտես։ Այդ անորոշությունը մեզ ուղեկցելու է ամեն օր՝ լինի դա աշխատանքում, ընտանիքում, թե անձնական կյանքում։ Իսկ որտեղի՞ց է գալիս այդ հավատը։ Միգուցե հավատքի՞ց, ընտանիքի՞ց, ընկերների՞ց, թե՞ այն աշխատանքից, որը դու անում ես։

Մինչ մենք այստեղ նստած ենք, այս մոլորակի վրա արդեն ապրել է 100 միլիարդ մարդ։ Այսօր մենք 8 միլիարդ ենք։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի մոլորակ կունենայինք, եթե մեզնից յուրաքանչյուրն ամեն օր հավատար իրեն ու փորձեր դրսևորել իր լավագույն կողմերը։ Մենք կկոտրեինք բոլոր արգելքները և կհասկանայինք, թե ովքեր ենք մենք իրականում. մենք ուղղակի երկրային էակներ ենք, որոնք փորձում են գտնել իրենց ճանապարհը։

Կյանքը միշտ լինելու է վայրիվերումներով, մենք հանդիպելու ենք դժվարությունների։ Բայց եթե հավատում ես քեզ, դու կհասնես վաղվան։ Դու կգտնես երախտագիտության ու նպատակասլացության այն ռիթմը, որը կդառնա քո ապրելակերպը։ Եվ մի օր կարթնանաս ու կասես. «Աստված իմ, շնորհակալ եմ, որ ողջ եմ ու ևս մեկ հնարավորություն ունեմ տեսնելու, թե ինչ է հնարավոր այս աշխարհում»։

Լինելու են հաջող օրեր, և լինելու են օրեր, երբ դու ստիպված ես լինելու այդ հավատը փնտրել քո ներսում։ Ես հուսով եմ՝ մարդիկ հենց սա կտանեն իրենց հետ և կգնան իրականացնելու իրենց երազանքները։ Դա միանգամայն հնարավոր է։

-Շնորհակալություն հարցազրույցի համար:

-Շնորհակալություն Ձեզ։

Գործատուն չի ուզում ընդունել այնպիսի մեկին, որն աշխատանքի անցնելու պահից արդեն փնտրում է նոր աշխատատեղ․ Emmy մրցանակի 5-ակի նոմինանտ Դենիել Սիբերգի հարցազրույցը՝ Tert.am-ին (տեսանյութ)