ԱՄՆ-ը Իրաքի նոր կառավարությունից ակնկալում է առաջընթաց խնդրահարnւյց հարցերի լուծման գործում. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

11:03 • 15.05.26

Միացյալ Նահանգները Իրաքի նոր կառավարությունից ակնկալում է առաջընթաց խնդրահարույց հարցերի լուծման գործում, նախևառաջ՝ անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ և Թուրքիայում Ամերիկայի դեսպան Թոմ Բարաքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ոգևորված ենք նոր ղեկավարության նշանակմամբ և անհամբերությամբ սպասում ենք համագործակցության մեկնարկին՝ ընդհանուր շահերին համապատասխանող նոր համարձակ ծրագրի շրջանակներում։ Նախագահ Թրամփը, պետքարտուղար Ռուբիոն և Միացյալ Նահանգները պատրաստ են սերտորեն համագործակցել կառավարության հետ՝ Իրաքի ժողովրդի բարգավաճման և ահաբեկչության վերացման ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- գրել է Բարաքը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել Իրաքին նոր կառավարության օրոք։

Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը վստահություն էր հայտնել երկրի նոր կառավարությանը և հավանություն տվել վարչապետ Ալի ազ-Զեյդիի ներկայացրած աշխատանքային պլանին։

2025 թվականի վերջին Իրաքում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Համաձայն սահմանադրության՝ դրանից հետո մեկ ամսվա ընթացքում պատգամավորները պետք է ընտրեին նախագահին, որը պետք է հանձնարարեր խոշորագույն կոալիցիային առաջադրել վարչապետի թեկնածու։

Սակայն նոր նախագահ Նիզար Ամիդին ընտրվել է երկու ամիս ուշացումով՝ ապրիլի 11-ին, իսկ նոր վարչապետը՝ 2026 թվականի ապրիլի 27-ին։