Առաջարկիր ապրանքի գինը, խնայիր տեղում. Bidygo-ն մանրածախ առևտրի շուկա նոր մոտեցում է բերում (տեսանյութ)

09:03 • 17.05.26

Այս ժամանակաշրջանում, երբ գնորդները հաճախ նախընտրում են ապրանքը փորձել խանութում, իսկ գնումը կատարել այլ երկրից կամ առցանց հարթակներից՝ ավելի շահավետ գներով, հայաստանյան շուկա է մուտք գործում Bidygo հավելվածը։

Bidygo-ն հնարավորություն է տալիս խանութում սակարկել ապրանքի գինը։ Եթե գնորդը ցանկանում է որևէ ապրանք, սակայն համարում է, որ առաջարկվող արժեքը բարձր է, կարող է հավելվածի միջոցով ներկայացնել իր նախընտրած գինը։ Խանութը վայրկյանների ընթացքում կա՛մ հաստատում է առաջարկը, կա՛մ ներկայացնում է հնարավորինս մոտ գին՝ գնորդի առաջարկած արժեքին։

Հայաստանյան նմանատիպ առաջին հավելվածն այսօր ներկայացվեց «Մանրածախ առևտրի կոնֆերանս»-ի շրջանակում: Այն համախմբել էր ֆիզիկական մանրածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչներին, բիզնես ղեկավարներին, ոլորտային փորձագետներին և բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի արդիական մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները, որոնցից է Bidygo-ն:

Այն արդեն կիրառվում է Հայաստանում և փաստացի արդյունքներ է ապահովում մանրածախ բիզնեսների համար։ 

«Bidygo-ի առաջին կոնֆերանսին խոսելու եմ այն արդյունքների մասին, որոնք մենք կարողացել ենք այս 26 օրվա ընթացքում ունենալ: Խոսելու եմ կոնկրետ «Tamaris» խանութի օրինակով: Մենք այնտեղ Bidygo-ն գործարկել ենք ու ունենք ցուցանիշներ, ըստ որոնց ունեցել ենք հավելյալ եկամուտ, այսինքն՝ այնպիսի գնումներ ենք ունեցել, որոնք ռեալ տեղի չէին ունենա, եթե Bidygo-ն այնտեղ չլիներ»,-մանրամասնում է Bidygo-ի Բիզնեսի զարգացման մասնագետ Տաթև Հարությունյանը:

Bidygo-ի հեղինակները նշում են՝ հավելվածից օգտվելու գործընթացը հնարավորինս հեշտ և հասկանալի է: Ներբեռնում ենք հավելվածը, սկանավորում նախընտրելի ապրանքի բարկոդը, մուտքագրում այն գումարի չափը, որը պատրաստ ենք վճարել և սպասում խանութի արձագանքին: Սա այն նորարարությունն է, որը գնումների գործընթացը դարձնում է ճկուն և փոխշահավետ:

«Bidygo-ը հա՛մ B2B պլատֆորմ է, հա՛մ B2C, այսինքն՝ հաճախորդների համար հավելված է, որն օգնում է խանութում տեսած ապրանքը գնել ավելի մատչելի, իսկ խանութների տեսանկյունից սա վաճառքի պլատֆորմ է, որն ավելացնում է վաճառքների քանակը, ստեղծում է շատ ավելի լոյալ համակարգ՝ հաճախորդների հետ շփվելու և զարգացնելու իրենց առևտուրը»,-ասում է Bidygo-ի Հիմնադիր տնօրեն Վահագն Խաչատրյանը: 

Bidygo-ն ունի առաջին գործընկերներ բրենդները, օրինակ՝ «Զարինա»-ն արդեն օգտվում է հավելվածից, շուտով այն կկիրառեն բրենդի հայաստանյան բոլոր խանութ-սրահներում:

«Ասեմ, որ հետաքրքիր գաղափար է, ես կարծում եմ՝ ողջունելի, որովհետև այսօր երիտասարդների համար դա դիտվելու է որպես նորություն, իսկ ամեն մի նորություն շատ ավելի ընդունելի է: Ինձ թվում է՝ կունենա շատ լավ արձագանք»,-նշում է «Զարինա»-ի Բրենդ մենեջեր, ՄՌԿ մասնագետ Մարիամ Մելիքսեթյանը:

Թեև Bidygo-ն արդեն գործարկվում է, դեռ շարունակական մշակման գործընթացում է, նկատում են՝ նույնիսկ այս փուլում մարդիկ հետաքրքրված են հավելվածով:

«Ինստագրամյան մեկ հրապարակումից հետո մոտ 3,000 հոգի, մի քանի ժամվա ընթացքում ներբեռնել է հավելվածը։ Մենք ենթադրում ենք, որ երբ մտնենք շուկա և սկսենք ագրեսիվ գովազդ՝ մեկ տարվա ընթացքում կունենանք մոտ 800,000 ներբեռնում»,-ասում է Bidygo-ի Համահիմնադիր, կոմերցիոն տնօրեն Գրիգոր Մակիչյանը:

Կոնֆերանսի ողջ ընթացքում մուտքի հատվածում ցուցադրված էին երկու զույգ սպորտային կոշիկ՝ 62,900 և 64,900 դրամ արժողությամբ։ Bidygo հավելվածի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան առաջարկելու իրենց նախընտրած գինը՝ դրանք ձեռքբերելու համար։

62,900 դրամ արժողությամբ կոշիկի համար ներկայացվեց 19 առաջարկ՝ գնել 47,000 դրամ արժեքով, իսկ 64,900 դրամ արժողությամբ զույգի համար՝ 18 առաջարկ՝ 45,000 դրամով գնելու ցանկությամբ։ Պարզվեց՝ ապրանքներն իրականում ունեցել են զեղչված գին՝ համապատասխանաբար 25,160 և 38,940 դրամ:

Այսպիսով, հավելվածի միջոցով, փաստում են, շահում է և՛ խանութը, և՛ գնորդը. հաճախորդը ձեռք է բերում ապրանքը սկզբնականից ավելի ցածր գնով, իսկ խանութը վաճառում է այն՝ ավելի շահավետ պայմաններով։