Սթարմերը համաձայն է լքել պաշտոնը, բայց ցանկանում է հրաժարական տալ իր պայմաններով. DM
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր մերձավորներին հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բրիտանական Daily Mail թերթին։
«Նա հասկանում է, որ ներկայիս քաոսն անկայուն է։ Նա պարզապես ցանկանում է դա անել արժանապատվորեն և այնպես, ինչպես հարմար կգտնի։ Նա ժամանակացույց կկազմի»,- մեջբերել է թերթը աղբյուրի մեկնաբանությունը։
Նշվում է, որ լիազորությունների վայր դնելու մասին հնարավոր հայտարարության ամսաթիվը մնում է անհայտ, քանի որ Սթարմերի բարձրաստիճան զինակիցները համոզում են նրան սպասել Մեծ Մանչեսթեր կոմսության Մեյկերֆիլդ ընտրատարածքում Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի (ստորին պալատի) լրացուցիչ ընտրությունների հարցումների առաջին արդյունքներին և ձայների հաշվարկին։
Լեյբորիստ հանրաճանաչ քաղաքական գործիչ Էնդի Բերնեմը կփորձի պատգամավորական մանդատ նվաճել այս ընտրատարածքում։ Հաղթանակի դեպքում նա կդառնա Համայնքների պալատի պատգամավոր, ինչը նրան թույլ կտա մարտահրավեր նետել Սթարմերին և հավակնել կուսակցության առաջնորդի պաշտոնին։ Հասարակական կարծիքի հարցումները Բերնեմին անվանում են ամենաուժեղ թեկնածուներից մեկը, որն ունակ է տապալել Սթարմերին։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Սթարմերը չի ցանկանում ռիսկի դիմել, քանի որ լրացուցիչ ընտրություններում հնարավոր պարտությունը չափազանց մեծ նվաստացում կլիներ։
Մեծ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամը բռնկվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, որոնք անցկացվել են մայիսի 7-ին։ Դրանց արդյունքներով Լեյբորիստական կուսակցությունն առաջին անգամ կորցրել է վերահսկողությունը Ուելսի խորհրդարանի նկատմամբ։
Անգլիայի տարբեր օրենսդիր մարմիններում լեյբորիստները անցկացրել են իրենց 1,4 հազարով պակաս ներկայացուցիչներ, քան նախկինում ունեին։ Սթարմերն իր վրա է վերցրել ընտրություններում կրած ձախողման պատասխանատվությունը, սակայն հրաժարվել է հեռանալ լեյբորիստների առաջնորդի և վարչապետի պաշտոններից։
Sky News-ի տվյալներով՝ իշխող կուսակցության արդեն ավելի քան 90 պատգամավորներ արտահայտվել են Սթարմերի հեռանալու օգտին։ Հինգշաբթի օրը հրաժարական է տվել առողջապահության նախարար Ուեզ Սթրիթինգը։ Նա հայտարարել է, որ դա արել է, քանի որ կորցրել է վստահությունը Սթարմերի նկատմամբ։ Լրատվամիջոցները Սթրիթինգին դասում են նրանց շարքին, ովքեր կարող են փորձել տապալել Սթարմերին։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդի փոփոխության գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է, որ Համայնքների պալատի լեյբորիստ պատգամավորներից մեկը, ստանալով խմբակցության անդամների 20%-ի (այս պահին 81 խորհրդարանականի) աջակցությունը, համապատասխան դիմում ներկայացնի գրավոր ձևով կուսակցության գլխավոր քարտուղարին։ Դրանից հետո կուսակցության անդամները քվեարկում են նախընտրելի թեկնածուի օգտին։ Իշխող կուսակցության նոր առաջնորդ ընտրվելու դեպքում հենց նա ավտոմատ կերպով կդառնա կառավարության ղեկավար՝ առանց երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության։










