Ռուսաստանը չի համապատասխանում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ներկայիս պայմաններին, որոնք բացահայտ uատանիզմի չափանիշներ են. Լավրով

16:09 • 18.05.26

Ռուսաստանը չի համապատասխանում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ներկայիս պայմաններին, որոնք «բացահայտ սատանիզմի չափանիշներ» են։ Այս մասին Հասարակածային Գվինեայի արտաքին գործերի նախարար Սիմեոն Օյոնո Էսոնո Անգուեի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարության առիթ է հանդիսացել «Եվրատեսիլի» ղեկավար Մարտին Գրինի վերջերս բրիտանական LBC ռադիոկայանին տված հարցազրույցը, որում նա թույլ էր տվել Ռուսաստանի՝ մրցույթ վերադառնալու տեսական հնարավորությունը։

Նախարարն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը կենտրոնացած է այլ միջազգային միավորումների շրջանակներում հումանիտար և մշակութային համագործակցության զարգացման վրա։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան իրեն հիանալի է զգում BRICS-ում, ՇՀԿ-ում և ռուսական մասնակցությամբ այլ կառույցներում, որտեղ քաղաքականության, տնտեսության ու անվտանգության հարցերին զուգահեռ զարգանում են կրթական և մշակութային կապերը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 25-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով Ռուսաստանը չի մասնակցելու «Եվրատեսիլում»։