EUPM Armenia-ի մանդատից՝ «արտաքին կառավարում». ինչպես են խեղաթյուրվում ԵՄ նոր առաքելության լիազորությունները. Civilnet

13:07 • 30.06.26

Եվրոպական միության գործընկերության առաքելության՝ EUPM Armenia-ի Հայաստանում տեղակայման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, սակայն դրա շուրջ արդեն շրջանառվում են պնդումներ, որոնք առաքելությանը վերագրում են պաշտոնական մանդատում չնշված գործառույթներ։ Այս մասին գրում է Civilnet-ը:

Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ նախկինում ևս տարածվել են պնդումներ, թե ԵՄ կառույցները կարող են միջամտել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին կամ սահմանափակել երկրի ինքնիշխանությունը։ Նման թեզեր շրջանառվել են, մասնավորապես, ԵՄ դիտորդական առաքելության և ընտրություններին վերաբերող արագ արձագանքման խմբի նախաձեռնության դեպքում։ Այժմ նմանատիպ պնդումներ տարածվում են նաև 2026-նի ապրիլին ստեղծված ԵՄ գործընկերության նոր քաղաքացիական առաքելության՝ EUPM Armenia-ի շուրջ։

Տարածվող պնդումները

Ռուսալեզու մեդիայում և սոցցանցերում առաքելությունը ներկայացվում է որպես «Ռուսաստանի դեմ հիբրիդային ազդեցության հարթակ», «արտաքին կառավարման գործիք», «Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու մեխանիզմ» կամ «բանկային համակարգի նկատմամբ վերահսկողություն սահմանելու միջոց»։

«Առաջին հայացքից սա տեխնիկական և անվնաս է հնչում։ Սակայն արևմտյան համակարգողների բառապաշարում «անօրինական ֆինանսական հոսքեր» ձևակերպումն ավանդաբար նշանակում է մեկ բան՝ մուտք երկրի բանկային համակարգ և Բրյուսելի գլխավոր գծին հակասող տնտեսական գործարքների վրա ազդելու հնարավորություն»,- նշված է ռուսալեզու տելեգրամյան ալիքիցներից մեկում։  

Մինչդեռ, այս պնդման մեջ մանդատի ձևակերպումը ներկայացվում է կրճատված և ընդհանրացված տեսքով։ Ռուսերեն հրապարակման մեջ հիշատակվում է միայն «անօրինական ֆինանսական հոսքերին հակազդելը», մինչդեռ ԵՄ խորհրդի որոշման մեջ խոսքը վերաբերում է ընտրական և քաղաքական համատեքստում անօրինական ֆինանսական հոսքերին։ Բացի այդ, այս ձևակերպումը վերաբերում է պետական քաղաքականությունների մշակմանը և խորհրդատվությանը, այլ ոչ թե ֆինանսական վերահսկողությանը, քանի որ ողջ փաստաթուղթը կառուցված է կարողությունների զարգացման շուրջ։

Ի՞նչ է նախատեսում EUPM Armenia-ի մանդատը

Եվրոպական միության գործընկերության առաքելությունը՝ EUPM Armenia-ն, ստեղծվել է Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա՝ երկրի դիմակայունության և ճգնաժամերի կառավարման կարողությունների ամրապնդման նպատակով։ ԵՄ խորհուրդը դրա ստեղծման մասին որոշումն ընդունել է 2026-ի ապրիլի 21-ին՝ նախնական երկամյա մանդատով։

Առաքելության մանդատը սահմանված է ԵՄ խորհրդի Council Decision (CFSP) 2026/894 որոշմամբ։ Փաստաթղթի համաձայն՝ EUPM Armenia-ն քաղաքացիական, ոչ գործադիր և խորհրդատվական առաքելություն է, որի հիմնական նպատակը Հայաստանի պետական մարմինների կարողությունների ամրապնդումն է հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ։

Որոշման 2-րդ հոդվածի համաձայն՝ առաքելությունն աջակցում է անվտանգության ոլորտի պատասխանատու մարմիններին ռազմավարական խորհրդատվության և օպերատիվ մակարդակի աջակցության միջոցով։ Դրա գործունեությունը ներառում է խորհրդատվություն հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ռազմավարությունների, քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման հարցում՝ ներառյալ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), կիբեռսպառնալիքների, ինչպես նաև ընտրական և քաղաքական համատեքստում անօրինական ֆինանսական հոսքերի կանխարգելման ուղղությունները։

Միաժամանակ, մանդատում առաքելությանը իրավապահ, գործադիր կամ վերահսկողական գործառույթներ չեն վերապահվում։ Դրա դերը սահմանվում է որպես ռազմավարական խորհրդատվություն և օպերատիվ մակարդակի աջակցություն՝ Հայաստանի պետական մարմինների կարողությունների զարգացման ուղղությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: