Ուկրաինայի բոլոր գործողությունները ուղղված են բացառապես մեր երկիրը ռուսական ագրեuիայից պաշտպանելուն․ Սիբիգան՝ Արաղչիին

21:27 • 28.07.26

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հարձակման ենթարկված նավի միջադեպը քննարկել է Իրանի արտգործնախարարի հետ։

«Ես զանգահարել եմ Իրանի արտգործնախարար Արաղչիին՝ անկեղծ զրույցի համար։ Դիվանագիտությունը պահանջում է ուղիղ երկխոսություն, նույնիսկ երբ դա դժվար է։

Ես ընդգծել եմ, որ մեր նպատակն է խուսափել ավելորդ սրացումից։ Ես կրկին նշել եմ, որ Ուկրաինայի բոլոր գործողությունները ուղղված են բացառապես մեր երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելուն և երբեք չեն ուղղված եղել քաղաքացիական նավերի կամ մարդկանց դեմ։

Սա վերաբերում է նաև Իրանի հայտարարություններին վերջին միջադեպում իր քաղաքացու մահվան և քաղաքացիական նավի ենթադրաբար թիրախավորման վերաբերյալ։

Մեր նպատակն է հակազդել ռուսական ագրեսիային, որը բոլոր այս միջադեպերի արմատական ​​պատճառն է։ Ռուսաստանը կրում է բոլոր սադրանքների և զոհերի ամբողջական պատասխանատվությունը։

Ես ընդգծել եմ սրացման հանգեցնող ցանկացած քայլից զերծ մնալու և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին ցանկացած աջակցություն դադարեցնելու անհրաժեշտությունը։ Այս պատերազմն անօրինական է և պետք է ավարտվի։

Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. Եվրոպան և Մերձավոր Արևելքը արժանի են կայունության, անվտանգության և խաղաղության»,-գրել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան Կասպից ծովում հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս մեկը վիրավորվել, հայտարարել էր Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Ուկրաինայի բոլոր գործողությունները ուղղված են բացառապես մեր երկիրը ռուսական ագրեuիայից պաշտպանելուն․ Սիբիգան՝ Արաղչիին