Կասեցվել է «Թարզու Լևոն» ընկերությանը պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

12:08 • 07.08.26

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թարզու Լևոն» ընկերությանը պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովազարդ, ապրանքանիշը՝ «Սևան-Անուշ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրամաս:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: