Կասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գործող, անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին պատկանող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝
-արտադրական տարածքների և շինությունների ոչ պատշաճ պայմաններ,
-հատակի, դռների և պատերի մակերևույթների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող վիճակ,
-աշխատանքային մակերևույթների ոչ համապատասխան նյութերից պատրաստվածություն,
-հումքի և բաղադրիչների ոչ պատշաճ պահպանում,
-կիսապատրաստվածքի և վերջնական արտադրանքի պահպանման ջերմաստիճանի պահանջների չպահպանում,
-անձնակազմի համար նախատեսված հանդերձարանի բացակայություն։
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսավարողին սահմանվել է վերջնաժամկետ։
Արտադրական գործունեությունը կարող է վերսկսվել միայն սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո։










