Jermuk City Fest 2026. Ջերմուկը տոնեց 90-ամյակը՝ նոր ռիթմով ու էներգիայով (տեսանյութ)
Հայաստանի առողջարանային քաղաքում՝ Ջերմուկում առաջին անգամ անցկացվեց Jermuk City Fest 2026-ը։
«Բացահայտիր Ջերմուկը նորովի»․ այս գաղափարի շուրջ են միավորվել տեղի ու հրավիրյալ լավագույն նախաձեռնողները։ Այն նպատակ ունի ընդգծել Ջերմուկի զբոսաշրջային ու մշակութային հարուստ ռեսուրսները, թարմացնել քաղաքային կյանքի ռիթմն ու ձևավորել ամենամյա տոնական նոր ձևաչափ։
«Մեր գլխավոր հովանավորներն են «Լիդիան Արմենիա» ընկերությունը ու նաև «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Եթե չլիներ նրանց նվիրված աջակցությունը, այս միջոցառումն այսօր չէր կայանա։ Ջերմուկը համամիութենական քաղաք է համարվում, բոլորը ճանաչում են Ջերմուկը, բայց վերջին տարիներին շարժը մի փոքր նվազել էր։ Ուզում ենք, որ մեր համայնքում շարժն ավելի ակտիվանա, ու նմանատիպ միջոցառումները բավականաչափ օգնում են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Jermuk City Fest 2026-ի կազմակերպիչ Հրայր Մկրտչյանը:
«Լիդիան Արմենիա» ընկերության հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Մարգարիտա Ափրոյանն էլ մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ «Ջերմուկ Ֆեստը» կլինի ամենամյա «Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը, «Լիդիանը» հանդես է գալիս որպես «Ջերմուկ Ֆեստ 2026»-ի հովանավոր, և մենք միշտ կանգնած ենք այն նախաձեռնությունների կողքին, որոնք որ կարող են ապահովել համայնքների զարգացումը, տնտեսական ակտիվացում բերել համայնքներին։ Կազմակերպիչների մտադրությունը այնպիսին է, որ միջոցառումը կրելու է ամենամյա բնույթ, մենք հուսով ենք, որ դա այդպես էլ կլինի, որովհետև տեսնում ենք, թե ինչ կարևոր, գեղեցիկ տոն է, և ամեն տարի զբոսաշրջիկների նոր հոսք կբերի համայնքներ այս միջոցառումը»,-ասաց նա:
Jermuk City Fest-ը մեկ վայրում է համախմբել քաղաքի ողջ ներուժն ու ժամանցը։ Այստեղ կողք կողքի ներկայացված են ազգային խոհանոցն ու տեղական արտադրանքը, առողջարաններն ու զբոսաշրջային լավագույն առաջարկները։
Տոնական օրվան իրենց աջակցությունը բերած կազմակերպիչներն ու հովանավորներն էլ արժանացան հատուկ շնորհակալագրերի՝ քաղաքի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Օրվան ռիթմ ու հատուկ էներգիա հաղորդեց բիթբոքսի Հայաստանի կրկնակի չեմպիոն Հայկ Սնխչյանի ելույթը, իսկ երեկոն իր տրամաբանական ավարտին հասավ գլխավոր բեմում՝ Ռեինկարնացիայի, Սոնայի ու DJ Սմերչի-ի ռիթմերի ներքո։











