«Մի գդալ սեր»-ն արդեն մեծ էկրաններին է (տեսանյութ, լուսանկարներ)
Սեպտեմբերի 3-ի երևանյան երեկոն կինոյի տրամադրությամբ սկսվեց: Քաղաքի տարբեր անկյուններում օրեր շարունակ աչքի ընկնող բաներները, իսկ համացանցում՝ ֆիլմի թրեյլերն ու հոլովակները, միայն ավելացնում էին հետաքրքրությունը։ «Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն բակն ու տոնական մթնոլորտը դրա վառ ապացույցն էին։
«Մի գդալ սեր» ֆիլմի ստեղծման հետևում կանգնած է պրոֆեսիոնալ թիմ. կինոնկարի ռեժիսորն ու պրոդյուսերն է Հրաչ Քեշիշյանը, իսկ համապրոդյուսերը՝ Արման Միտոյանը։ Փոփի Ջ․ Անդերսոնի գրքի հիման վրա ֆիլմի սցենարը հեղինակել է Արտակ Ալեքսանյանը։ Իսկ ֆիլմի պաշտոնական գործընկերը Երեմյան կաթնամթերքն է։
«Նախ և առաջ նշեմ, որ մենք ինքներս կինոդիտողներ և կինոյի սիրահարներ ենք, և մասնավորապես հայկական արտադրության ֆիլմերի, և այս համագործակցությունը տրամաբանական էր, քանի որ ֆիլմը մի գդալ սիրո մասին է։ Իհարկե չենք բացում ֆիլմի փակագծերը, թե ինչ է լինելու ֆիլմում, բայց ասեմ, որ մի գդալ սերը ուղղակիորեն կապվում է նաև մեր «Երեմյան» կաթնամթերքի հետ, քանի որ մեր կաթնամթերքի կարգախոսն է «Կաթը սեր է»»,-նշում է Լուսինե Երեմյանը։

«Մի գդալ սեր» ֆիլմին ու «Երեմյան Կաթնամթերքին» միավորում են սերն ու խոհարարության հանդեպ հատուկ վերաբերմունքը։ «Կաթը սեր է» փիլիսոփայությամբ առաջնորդվող ընկերության համար, որի արտադրանքն ի սկզբանե ստեղծվել է ռեստորանների և պրոֆեսիոնալ խոհարարների բարձր պահանջներին համապատասխան, ֆիլմի բովանդակությունն անչափ հարազատ է․ այստեղ սնունդը պարզապես ուտեստ չէ, այլ ստեղծագործելու, զգացմունք փոխանցելու և մարդկանց միավորելու միջոց։

Նկարահանումներն անցել են ուշագրավ ու վառ դրվագներով, օրինակ, ֆիլմում օգտագործվել է Անի Խաչիկյանի տան սպասքը, գլխավոր դերակատարները մասնակցել են խոհարարական դասընթացների ու նկարահանումների ժամանակ հաճախ վնասել մատները։ Կային նաև բարդ նկարահանումներ, որոնք այսօր ժպիտով են հիշում։

Գլխավոր դերերում Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանն են։ «Մի գդալ սերը» պատմություն է Բոստոնում կայացած խոհարար Արեգի և տաղանդաշատ, բայց դեռ չբացահայտված Լուսինեի ճակատագրական հանդիպման մասին։ Հայրենիքում գտնված սերն ու հայկական խոհանոցի ջերմությունը շրջում են հերոսի կյանքը՝ նրան կանգնեցնելով երկընտրանքի առաջ՝ շարունակել հին հաջողակ ընթացքը, թե՞ ամեն ինչ սկսել մաքուր էջից։

«Ուղիղ մեկ տարում հանձնում ենք ֆիլմը հանդիսատեսի դատին, և հույս ունենք, որ այն կհետաքրքրի, փոքր ջերմություն կբերի և կդառնա, այսպես ասած, սիրելի ֆիլմ... այն սիրելի ֆիլմերից մեկը, որոնք կան մեր կյանքում և միշտ ուզում ենք երբեմն-երբեմն, չգիտեմ, տաք կակաոյով ու փոփքորնով կամ լավ թխվածքով վերադառնալ, մանավանդ երբ որ եղանակները մի քիչ ավելի ցրտոտ են։ Էս ֆիլմը տենց ամառային, տաք, հավես, հաճելի ֆիլմ է»,-ասում է «Մի գդալ սեր» ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։

«Մի գդալ սեր»-ն արդեն մեծ էկրանին է՝ հանդիսատեսին խոստանալով ոչ միայն համեղ տեսարաններ, այլև ջերմությամբ ու դրական էմոցիաներով լեցուն րոպեներ։ Այս ֆիլմը խոստանում է դառնալ աշնանային ամենասիրված ու հիշվող կինոպրեմիերաներից մեկը։



















