Երիտասարդությունը՝ հանուն կայուն ապագայի․ գիտելիք՝ գործողության համար
Հայաստանը պատրաստվում է 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում հյուրընկալել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումը (COP17)։ Միջազգային այս միջոցառման նախաշեմին երիտասարդ մասնագետների, ձեռներեցների և հետազոտողների նոր սերունդն արդեն իր ներդրումն է ունենում Հայաստանի կայուն զարգացման օրակարգում։
COP17-ին ընդառաջ՝ Մասնագիտական վերապատրաստման և կատարելագրոծման ինստիտուտը (ՄՎԿԻ) 2025 թվականի նոյեմբերին մեկնարկել էր «Երիտասարդությունը՝ հանուն կայուն ապագայի․ գիտելիք՝ գործողության համար» նախաձեռնությունը՝ ներգրավելով էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ստարտափների հիմնադիրների և ձեռներեցների, ինչպես նաև Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների։
Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետ համագործակցությամբ մշակված նախաձեռնությունը միավորում է կրթությունը, միջազգային փորձն ու մասնագիտական գիտելիքը՝ կայուն զարգացման ժամանակակից մարտահրավերների նկատմամբ գործնական մոտեցումներ ձևավորելու նպատակով։
Ծրագրի հինգ լավագույն մասնակիցներն ընտրվել էին՝ 2026 թվականի սեպտեմբերի 11–13-ը UCL-ում անցկացվող հատուկ վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար։ «COP17․ վարքագծային տնտեսագիտությունը և դրա ազդեցությունը էներգետիկ ոլորտում որոշումների կայացման վրա» խորագրով դասընթացը համատեղ կազմակերպել էին ՄՎԿԻ-ն ու UCL-ը։ Այն վարում էր պրոֆեսոր Լորենցո Լոտտին՝ UCL-ի Bartlett դպրոցի դոցենտ, ավագ դասախոս և կրթական ծրագրի ղեկավար։
Դասընթացի առանցքում էներգետիկ անցման համար ավելի ու ավելի կարևոր դարձող գործոններից մեկն էր՝ մարդկային վարքագիծը։ Սպառողների ընտրություններից մինչև բիզնեսի և էներգետիկ քաղաքականության ոլորտում որոշումների կայացում՝ կայուն էներգետիկ լուծումների հաջողությունը կախված է ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացից, այլև մարդկանց վարքագիծն ու ընտրությունները պայմանավորող շարժառիթների գիտակցումից։ Այդ ընկալումն է հնարավորություն տալիս խթանել վարքագծային փոփոխությունների ձևավորումն ու դրանց երկարաժամկետ պահպանումը։
Հայաստանցի մասնակիցների համար Լոնդոնում անցկացված դասընթացը միջազգային փորձին ծանոթանալու, առաջատար ակադեմիական գիտելիք ձեռք բերելու և այն իրենց բուհերում, ընկերություններում ու համայնքներում կիրառելու արժեքավոր հնարավորություն էր։
«Երիտասարդությունը՝ հանուն կայուն ապագայի» նախաձեռնությունն ընդգծում է, որ կայուն ապագայի կառուցումը սկսվում է գիտելիքից, համագործակցությունից և երիտասարդների ակտիվ ներգրավումից։ Այս երիտասարդ մասնագետները, ձեռներեցներն ու հետազոտողները կարող են դառնալ այն կապող օղակը, որը գլոբալ նպատակները վերածում է տեղական նախաձեռնությունների և գործնական լուծումների՝ նպաստելով Հայաստանի ավելի կայուն ապագայի ձևավորմանը։










