170+ մասնակից, 12 գործընկեր և 1 մլն դրամ մրցանակ՝ Դեղագետների միջազգային օրվան նվիրված Համապետական առաջնությանը (տեսանյութ, լուսանկարներ)

20:40 • 25.09.26

Խթանել մասնագիտական գիտելիքի զարգացումը, փորձի փոխանակումը և մասնագիտական համայնքի համախմբումը՝ ստեղծելով մրցակցային, միաժամանակ համագործակցային միջավայր. ավելի քան 170 մասնակից, 12 գործընկեր այս նպատակի շուրջ էին համախմբվել, որի արդյունքում կայացավ Դեղագետների միջազգային օրվան նվիրված Համապետական առաջնությունը՝ «Վահե Մելիքսեթյան» և «Թովմասյան» հիմնադրամների նախաձեռնությամբ:

«Մեր հիմնադրամը, որպես դեղագիտության ոլորտի զարգացմամբ հետաքրքրված հիմնադրամ, այս տարի ավելի մեծ ծավալով, «Թովմասյան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել ենք Համապետական դեղագիտական առաջնությունը: Նպատակը բազմազան է. նախևառաջ ուզում ենք ոլորտի մասնագետներին համախմբել, երկխոսություն սկսել առողջապահության ոլորտի այլ մասնագետների հետ: Մրցութային բաղադրիչ, բնականաբար, ունի, թիմերը պայքարում են մեկ միլիոն դրամ մրցանակի համար»,-ասում է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը:

Այս տարի առաջնությունն անցկացվեց նոր և առավել կատարելագործված ձևաչափով՝ մեկ հարթակում համախմբելով գործող, փորձառու դեղագետներին և ապագա դեղագետներին:

««Թովմասյան» հիմնադրամի գործունեության առանցքում են կանգնել այնպիսի ծրագրերի կողքին, որոնք զարգացնում են երիտասարդների մեջ իրենց ներքին ներուժը ցուցադրելու և իրացնելու հնարավորությունը, հենց այդպիսի ծրագրով մեզ դիմեց «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը և միանշանակ էր, որ պետք է լիներ աջակցություն: Այսօր տեսնում ենք արդյունքը, որ այսքան թվով երիտասարդ դեղագետներ միացել են առաջնությանը, ցանկանում են մասնակցել, ծանոթանալ, կիսվել իրենց գաղափարներով»,-նշում է «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն Էդգար Մովսեսյանը:

Կազմակերպիչների խոսքով՝ նման նախաձեռնությունները միտված են ձևավորելու մասնագիտական ակտիվ համայնք, որտեղ փորձառու մասնագետների և երիտասարդ դեղագետների համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել դեղագիտության զարգացման համար։ 

«Նախ ցանկանում եմ օգտվելով առիթից շնորհավորել բոլոր դեղագետներին այսօր իրենց մասնագիտական տոնի առիթով։ Մենք ողջունում ենք նման միջոցառումները և մեծ հաճույքով աջակցում ենք դեղագետների առաջնությանը, որը տեղի է ունենում այսօր»,-ընդգծում է «Ալֆա ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը։

Առաջնության մասնակիցների թվում էին նաև առաջնությանը նախորդ տարի մասնակցած մասնագետները։ Նրանց խոսքով՝ նախաձեռնությունն արդեն հասցրել է դառնալ ոլորտի մասնագիտական կյանքի կարևոր բաղադրիչներից մեկը։

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ ի պատիվ 44-օրյա պատերազմի մասնակից, կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի:  Հինգ տարվա ընթացքում հիմնադրամը ներդրումներ է կատարել՝ ուղղված Հայաստանի կրթական և գիտահետազոտական ոլորտների զանգացմանը։ 

««Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի աջակցությամբ ես հնարավորություն եմ ունեցել երկամսյա փոխանակման ծրագրով դիտորդություն կատարել ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Դանա-Ֆարբեր քաղցկեղի կենտրոնում, որն աշխարհում լավագույններից է համարվում: Այդ փորձառությունն ինձ համար շրջադարձային եղավ, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն ունեցա Հայաստանում էլ զբաղեցնել կլինիկական դեղագետի հաստիքը և իմ փորձը ծառայեցնել նաև Հայաստանի բժշկությանը»,-ասում է Կլինիկական դեղագետ Մելանյա Սահակյանը։

Դեղագետների միջազգային օրը, մրցույթից բացի, տեղի ունեցավ նաև պանելային քննարկում, որտեղ մասնագետներն անդրադարձան դեղագիտության արդի մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին: