Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել է՝ ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունները վերացնելու համար

14:38 • 29.09.26

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ վիրահատության է ենթարկվել։ Իր Telegram-ալիքում նա հիվանդանոցից լուսանկար է հրապարակել և խնդրել աղոթել իր համար։

«Երեկ ուշ երեկոյան ավարտվեց իմ վիրահատությունը, փառք Աստծո։ Շնորհակալություն բոլորին, ովքեր աղոթել են։ Ես դեռ հիվանդանոցում եմ, մի փոքր էլ աղոթեք», - դիմել է նա հետևորդներին:

Լրագրողն ավելացրել է, որ իրեն վիրահատել են ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունները վերացնելու համար։

Սեպտեմբերի 9-ին Սիմոնյանը հայտարարել էր, որ գտնվում է ռեմիսիայի մեջ։ Նրա խոսքով՝ վերջին հետազոտության ժամանակ իր մոտ չեն հայտնաբերել նոր չարորակ գոյացությունների նշաններ։ Ընդ որում, ինչպես ընդգծել է լրագրողը, դա դեռ չի նշանակում հիվանդության նկատմամբ հաղթանակ։

Այն մասին, որ Սիմոնյանի մոտ քաղցկեղ են հայտնաբերել, հայտնի էր դարձել 2022 թվականի սեպտեմբերին։ Լրագրողին վիրահատություն են կատարել, որի ընթացքում հեռացրել են կրծքագեղձը։ Նա նաև անցել է քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա և հորմոնալ թերապիա։