Վնասվածքից ապաքինվող Մբապեն վերադարձել է Մադրիդ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ժամանել է Իսպանիայի մայրաքաղաք և կկարողանա մասնակցել Լա Լիգայի 8-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը, որը կկայանա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին։ Այս մասին հայտնում է AS պարբերականը՝ հղում անելով El Chiringuito ծրագրին։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի հարձակվողն իր ընկերուհու՝ դերասանուհի Էստեր Էքսպոսիտոյի ուղեկցությամբ, վայրէջք է կատարել Մադրիդի «Ադոլֆո Սուարես» օդանավակայանում տեղական ժամանակով 11:16-ին: Թեև ֆուտբոլիստը բաց է թողել «սերուցքայինների»՝ ժամը 10:30-ին մեկնարկած մարզումը, ակնկալվում է, որ օրվա ընթացքում նա կլինի Վալդեբեբասի մարզաբազայում՝ շարունակելու վերականգնողական աշխատանքները:
Հիշեցնենք, որ Մբապեն ձախ ծնկի սուր ցավ էր զգացել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում՝ Թուրքիայի ընտրանու դեմ խաղում (1:0): Այդ հանդիպումը նորամուտային էր Զինեդին Զիդանի համար՝ որպես Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ, իսկ Մբապեն հեղինակել էր խաղի միակ և հաղթական գոլը: Հարվածի պահին զգալով անհանգստություն՝ ֆուտբոլիստն անձամբ էր խնդրել փոխարինել իրեն: Մադրիդյան ակումբում գտնում են, որ խաղացողի այս որոշումը ճիշտ էր. եթե նա մնար դաշտում, խնդիրն այնքան կբարդանար, որ վիրահատական միջամտության կարիք կառաջանար:
Իսպանիայում անցկացված բուժզննումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի մոտ առկա է ձախ ծնկի հոդապարկի հետին հատվածի գերձգվածություն։ Քանի որ նախորդ մրցաշրջանում Մբապեն նույն ծնկի կապանների լուրջ վնասվածք էր ստացել, ակումբում սկզբնական շրջանում խիստ անհանգստացած էին։ Բարեբախտաբար, վնասվածքն աննշան է, և «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արդեն կարող է հույս դնել հարձակվողի վրա առաջիկա խաղում։














