Դիլիջանը՝ միջազգային զբոսաշրջային երկխոսության կարևոր հարթակ. «Green rock»-ի նախաձեռնությամբ կայացավ TRF 2026-ը (տեսանյութ)
Դիլիջանն այս օրերին կրկին դարձավ զբոսաշրջության և տարածաշրջանային զարգացման կարևոր հարթակ։ Քաղաքում, «Green rock»-ի նախաձեռնությամբ, կայացավ «Tourism & Regional Forum 2026»-ը (TRF), որն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ համախմբեց զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, քաղաքային զարգացման, մշակույթի և հարակից ոլորտների տեղական ու միջազգային ներկայացուցիչներին։
«Երկարաժամկետ արժեք ունեցող ուղղություններ ստեղծելու համար միայն ներդրումներն ու ենթակառուցվածքները բավարար չեն․ անհրաժեշտ են միասնական տեսլական, ամուր գործընկերություններ և պատասխանատու առաջնորդություն։ Սա հնարավորություն է միավորելու այն մարդկանց, ովքեր ձևավորում են զբոսաշրջության և հյուրընկալության ապագան, փոխանակելու փորձն ու տեսակետները և քննարկելու, թե ինչպես կարող են ուղղությունները զարգանալ՝ պահպանելով իրենց ինքնությունն ու միաժամանակ ստեղծելով երկարաժամկետ արժեք համայնքների համար»,-ասաց «Green Rock»-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ մեզ այս տարածաշրջանային, զբոսաշրջային ֆորումում միավորելու համար: Դիլիջանը լավագույն վայրն է նման քննարկման համար: Այն վառ օրինակ է, թե ինչպես բնական, մշակութային ու մարդկային ներուժը կարող են աճի ամուր հիմք դառնալ, երբ կան ենթակառուցվածքային ներդրումներ ու երկարաժամկետ տեսլական»-նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը:
Համաժողովի օրակարգը ներառեց զբոսաշրջային ուղղությունների կայուն զարգացումը, ներդրումները, քաղաքների ապագան, մշակույթի դերը, ինչպես նաև երկարակեցության և բարեկեցության թեմաները, որոնց շրջանակում կայացան ելույթներ և պանելային քննարկումներ։
«Երկարակեցության թեման այսօր մեծ ուշադրության է արժանանում աշխարհի տարբեր կառավարությունների կողմից։ Այն դարձել է համաշխարհային միտում, որի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացավ covid-19 համավարակի տարիներին։ Խոսքը ոչ միայն առողջության, այլև կենսակերպի, աշխատանքի և հանգստի միջև հավասարակշռության, ինչպես նաև սոցիալական մոտեցումների մասին է։ Այս բոլոր գործոնները կարևոր նշանակություն ունեն մարդու կյանքի որակի վրա»,-ասաց «St. Moritz Longevity Forum»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Քրիստինա Միշելը։
Բանախոսներն անդրադարձան նաև այն հարցին, թե ինչպես կարող է ֆինանսավորումը նպաստել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, նոր նախագծերի իրականացմանը և զբոսաշրջային ուղղությունների երկարաժամկետ մրցունակությանը։
Այս համատեքտում կարևոր է նշել «Green Rock»-ի բազմաֆունկցիոնալ համալիրի մասին, որը միավորում է «Hyatt Regency Dilijan»-ը, «PPLS Rooms Co-living»-ը, «Villa3 Community Hub»-ը, «Apicius Armenia» միջազգային հյուրընկալության դպրոցը, ապագա «Art Park»-ը և «Music Hall»-ը։ Նախագծերը ձևավորում են միմյանց լրացնող միջավայր՝ նոր հարթակներ ստեղծելով հյուրերի, բնակիչների, ստեղծարար համայնքի և բիզնեսի համար։
«Այս համաժողովը հրաշալի հնարավորություն է Դիլիջանի համար։ Գիտեմ, որ այստեղ զարգանում են ենթակառուցվածքները, մասնավորապես՝ կառուցվում է «Music Hall»-ը, որը քաղաքի մշակութային կյանքի համար մեծ նշանակություն ունի։ Կարծում եմ՝ մարդկային կարողությունների զարգացումը ևս չափազանց կարևոր է, քանի որ հենց դա է միավորում մարդկանց, նպաստում համագործակցություններն ու խթանում համայնքի զարգացումը»,-ընդգծեց Մալթայի «ARC Research & Consultancy»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Դավինիա Գալեան։
«Green rock»-ի բազմաֆունկցիոնալ համալիրի մաս կազմող «Music Hall»-ի ստեղծումը կարող է խթանել Դիլիջանում զբոսաշրջային այցելությունները, երկարացնել այցելուների մնալու տևողությունը, ձևավորել մշակութային զբոսաշրջության նոր հոսքեր։ Այսպիսով, այն կարող է դառնալ ոչ միայն համալիրի, այլև քաղաքի զարգացման կարևոր բաղադրիչ։
«Կարծում եմ՝ հրաշալի և օրինակելի գաղափար է մշակույթը կապել զբոսաշրջության հետ։ Սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց քանի որ շատ հայ ընկերներ ունեմ՝ արդեն ծանոթ եմ հայկական մշակույթին, ժողովրդի առատաձեռնությանը, հյուրասիրությանը, և շատ էի ցանկանում գալ՝ անձամբ տեսնել, ուստի՝ շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար»,-հավելեց ջութակահար, սոլո երգիչ Լինուս Ռոթը։
TRF-ի շրջանակում ստորագրվեցին երկկողմ փոխըմբռնման հուշագրեր «Green Rock»-ի և «Orion Worldwide Innovations»-ի միջև, «Green Rock»-ի և «Բելգիա-Հայաստան առևտրի պալատ»-ի, ինչպես նաև «Green Rock»-ի և «Հայ-բրիտանական բիզնես»-ի միջև։
Համաժողովը, դրական փոփոխություններ բերելու համատեքստում, Դիլիջանը ներկայացրեց քաղաք, որտեղ զբոսաշրջության ապագան ձևավորվում է ոչ միայն նոր ենթակառուցվածքների, այլև գաղափարների, համագործակցության և երկարաժամկետ տեսլականի միջոցով։










