COP17 գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Փեզեշքիան-Կոբախիձե հանդիպումը
Իրանի և Վրաստանի միջև երկկողմ կապերի զարգացումը պահանջում է հստակ և թափանցիկ գործնական շրջանակների մշակում՝ իրականացման կոնկրետ ժամանակացույցով: Այս մասին Երևանում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում, գրում է 1lurer.am-ը։
Իրանի նախագահը նշել է երկու երկրի միջև տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի աճը՝ միաժամանակ ընդգծելով, որ Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անմարդկային են։
Փեզեշքիանը նաև հիշեցրել է միջուկային զենքի ստեղծումը մերժելու՝ Իրանի սկզբունքային դիրքորոշման մասին և անհիմն է անվանել երկրի դեմ ուղղված տեղեկատվական արշավը:
Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է հարևան պետությունների նկատմամբ Թբիլիսիի դիրքորոշման թափանցիկությունը և հայտարարել այլ երկրների ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն մերժելու մասին:
Կոբախիձեն հույս է հայտնել, որ արտաքին գործերի նախարարությունների համակարգմամբ կողմերը կկարողանան նոր պայմանավորվածություններ ձեռք բերել տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:














