ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած պшտերազմը uպառնում է մեր տարածաշրջանի էկոհամակարգին․ Փեզեշքիան
Ամերիկայի Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի նախաձեռնած ագրեսիվ պատերազմը մեր տարածաշրջանում՝ էներգետիկ կայանների ոչնչացմամբ, հրդեհներով ու աղտոտիչ նյութերի արտանետմամբ, լրջորեն սպառնում է էկոհամակարգերին և քայքայում այն հավասարակշռությունը, որը տասնամյակներ շարունակ պահպանվել էր կենսաբազմազանության շրջանակներում։ Այս մասին Երևանում մեկնարկած COP17–ի առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Սա զուտ ներպետական խնդիր չէ, որը սահմանափակվում է մեկ երկրի սահմաններով. բնությունը քաղաքական սահմաններ չի ճանաչում»,- ասել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը նշեց՝ պատերազմները ոչնչացնում են անտառները, խոնավ տարածքները, բերրի հողերն ու ջրային ռեսուրսները, հանգեցնում վայրի կենդանիների տեղահանման, ինչպես նաև շրջակա միջավայր են արտանետում քիմիական նյութեր և ծանր մետաղներ։ Նա ընդգծեց, որ զինված հակամարտությունների բնապահպանական հետևանքները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ՝ սպառնալով ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդներին։
«Պատերազմը ոչնչացնում է անտառներ, խոնավ տարածքներ, բերրի հողեր, ջրային ռեսուրսներ, հանգեցնում վայրի կենդանատեսակների տեղահանմանը, քիմիական տարրեր ու ծանր մետաղներ նետում շրջակա միջավայր։ Պատերազմի բնապահպանական սպիները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ։ Մեր տարածաշրջանում ռազմական ագրեսիայի բնապահպանական հետևանքները հրատապ անվտանգային միջոցառումներ են պահանջում»,- հայտարարել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ ջրի, հողի և մթնոլորտի աղտոտումը չի սահմանափակվում առանձին պետությունների տարածքներով, հետևաբար պատերազմների պատճառած բնապահպանական վնասները պահանջում են միջազգային համակարգված արձագանք։ Փեզեշքիանն օրինակ է բերել Գազայի հատվածը՝ նշելով, որ ռազմական գործողությունների հետևանքով այնտեղ հսկայական տարածքներ են վնասվել, և որոշ հատվածներում առաջիկա հարյուրամյակների ընթացքում հնարավոր չի լինի որևէ գործունեություն իրականացնել։
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր տարածաշրջանում, բնապահպանական ցեղասպանություն է՝ էկոցիդ, որը պետք է աներկբայորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից»,- հայտարարել է նա։
Իրանի նախագահը շեշտել է, որ զինված հակամարտությունների ընթացքում շրջակա միջավայրին հասցվող վնասը պետք է դիտարկել ոչ միայն որպես բնապահպանական, այլև միջազգային անվտանգության խնդիր։ Փեզեշքիանը շեշտել է` Իրանը հավատարիմ է մնում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցային։
Հիշեցնենք` 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։














