Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավարությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան
Նախորդ գումարման սկզբում Արմեն Ռուստամյանը մի միտք ասաց՝ «Հայաստանն աշխարհին հետաքրքիր էր Արցախյան հակամարտությամբ, Սյունիքով և ատոմակայանով»։ Սա ի՞նչ է նշանակում, ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«Սա նշանակում է, որ Հարավային Կովկասում հակամարտություն կամ Ղարաբաղում պետք է լիներ, եթե Ղարաբաղում չստացվեր՝ պետք է լիներ Սյունիքում։ Ի՞նչ են արել Հայաստանի նախորդ Կառավարությունները։ Ոչնչացրել են Հայաստանի հարավով անցնող ենթակառուցվածքները և Սյունիքի շուրջ ստեղծել են աշխարհաքաղաքական լարումներ։
Հիմա այս Կառավարությունն այդ երկու խնդիրն էլ լուծել է: Հայաստանը չուներ հարավով անցնող ենթակառուցվածք, այսինքն՝ գնացքի ռելսերն ու՞ր են, մենք այս հարցին չենք անդրադառնում: Հայաստան ինչպե՞ս պետք է մտներ այն սարքը, որը ռելսեր է գցում, այս մասին չեն մտածել, երբ այդ ռելսերը հավաքել են, գոյություն ունեցող երկաթուղին ոչնչացրել են, և Սյունիքի շուրջ, նաև պատերազմից հետո, այդ ամպերը կուտակում, կուտակում, կուտակում էին:
Կառավարությունն այս խնդիրները լուծել է համակցությամբ, գտել է մի ձև, որտեղ ենթակառուցվածքներ կկառուցվեն, ավելին՝ այդ ենթակառուցվածքները միայն երկաթուղու մասին չեն լինի, կլինեն գազատարների և այլնի մասին: Այդ աշխարհաքաղաքական լարումն էլ, Սյունիքի վրա կուտակվող այդ ամպերը ցրել է, դարձել է մեկ այլ երևույթ՝ խաղաղության համատեքստում»,-նշել է նա:










