Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին
Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը: Այս մասին գրել է քաղաքգետ Սուրեն Սուրենյանցը ՝ անդրադառնալով Ստեփանավանում ընդդիմադիր թեկնածուի և անդամների ձերբակալություններին:
«Ժողովրդավարության հակառակորդ կարող է դառնալ ոչ միայն այն ուժը, որը բացահայտ մերժում է այն, այլ առաջին հերթին՝ այն իշխանությունը, որը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում է դեմոկրատական և ընտրական ինստիտուտները»,- այս տողերը գրել եմ երեկ՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ճնշումների վերաբերյալ Փաշինյանի շարունակական գրառումներից հետո:
Այսօր այս խոսքերս հաստատվեցին, երբ Ստեփանավանում լայնամասշտաբ ձերբակալություններ իրականացվեցին «Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբում:
Սա հենց այն համայնքն է, որտեղ ընդդիմությունը ոչ միայն իրական մրցակցություն կարող էր ցույց տալ իշխանությանը, այլ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի հաղթանակը:
Ի դեպ, երեկ ամբողջ օրը համացանցում աչքովս ընկնում էր մի տեսանյութ, որտեղ Մասիսի համայնքապետի ՔՊ թեկնածուն խախտում է ընտրական փուլում բարեգործության արգելքը:
ՔՊ թեկնածուն, բնականաբար, ձերբակալված չէ: Նա, ի տարբերություն, Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի, Փաշինյանի ավտորիտար «ախորժակը» չի փչացնում»,-գրել է նա:










