Դիմա Բիլանի պրոդյուսերը հավատում է Ռիվասի հաղթանակին
«Եվրատեսիլ–2010»–ի բոլոր հավակնորդներից հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը։ Այս մասին energyfm.ru կայքի հաղորդմամբ, ասել է Յանա Ռուդկովսկայան, որը, հիշեցնենք, «Եվրատեսիլ–2008»–ի հաղթող Դիմա Բիլանի պրոդյուսերն է։
Ըստ նրա, այսպիսի կանխատեսման համար ինքը երեք հիմնավոր պատճառ ունի։
«Նախ, նա գեղեցիկ է՝ ֆոտոմոդել, որը նաև հրաշալի երգում է։ Երկրորդ, նա շատ ճիշտ երգ է ընտրել՝ նորաձև ֆոլկլորի ոճով։ Եվան իրեն ճիշտ է ներկայացնում։ Եթե համարն էլ լավը լինի, նա անկասկած, առաջատարների թվում կլինի։ Երրորդ, ինձ թվում է՝ արդեն ժամանակն է, որ Հայաստանը հաղթի՝ դեռ Սիրուշոյից սկսած։ Հայաստանն անընդհատ հիշեցնում է իր մասին և մտնում է լավագույն տասնյակի մեջ։ Դա նշանակում է, որ մարդիկ պատրաստ են Հայաստանի հաղթանակին, կամ էլ, առնվազն առաջատարների եռյակում հայտնվի»,– ասել է նա։










