«Ազգային Պատկերասրահ» Միջազգային երաժշտական 6–րդ փառատոնի շրջանակում կնվագի Սվետլանա Նավասարդյանը

14:26 • 10.05.10

Մայիսի 11-ին, ժ.19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա «Ազգային Պատկերասրահ» Միջազգային երաժշտական 6–րդ փառատոնի չորրորդ համերգը։ Ելույթ կունենա ՀՀ Ժողովրդական արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը։ Դաշնակահարուհու կատարմամբ կհնչեն Մոցարտի և Շոպենի ստեղծագործությունները։

Ինը տարեկանում Սվետլանա Նավասարդյանը առաջին մենահամերգում նվագել է Բախի 30 ստեղծագործությունները, 19 տարեկանում առաջին անգամ հաղթող է ճանաչվել Դաշնամուրային միջազգային մրցույթում։

Նավասարդյանը մասնակցել է Միջազգային փառատոների Լյուքսեմբուրգում, Տուրսում, Վենետիկում, Փարիզում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։ Նա հյուրընկալվել է աշխարհի մեծագույն համերգասրահներում։ Նա համագործակցել է մի շարք հանրահայտ մենակատարների և դիրիժորների հետ, որոնց թվում են Եվգենի Սվետլանովը, Վալերի Գերգիևը, Վասիլի Սինայսկին, Վլադիմիր Սպիվակովը, Յուրի Բաշմետը, Ռենե Դեֆոսը։

Նշենք, որ «Ազգային Պատկերասրահ» երաժշտական փառատոնը կտևի մինչև հունիսի 2-ը։