Ի՞նչ կարելի է տեսնել ու լսել «Թանգարանների գիշերը» Սարյանի տուն-թանգարանում
«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային, որը կանցկացվի Հայաստանում մայիսի 15–ին, պատրաստվում է նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։ Ինչպես Tert.am–ին տեղեկացրեց տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը՝ «Թանգարանների գիշերը» ժամը 18–ին այցելուներին կներկայացվեն Սարյանի «Հեքիաթներ և երազներ» շարքի ջրաներկ աշխատանքների նոր գեղարվեստական տպագրությունները։
Հիշեցնենք, որ այս միջազգային ակցիայի շրջանակում բոլոր Հայաստանի թանգարանները անվճար գործելու են ամբողջ գիշեր։
Ռուզան Սարյանը տեղեկացրեց, որ նույն օրը, ժամը 19.00–ին նախատեսված է Տրետյակովյան պատկերասրահում բացված՝ Մ. Սարյանի 130-ամյակին նվիրված ցուցահանդեսի լուսանկարների, սլայդերի ցուցադրում։
Իսկ ժամը 20.00–ին թանգարանում կսկսվի դաշնամուրային երաժշտության համերգ, որի ընթացքում կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները։ Ավելի ուշ կհնչեն իտալական երգերը և օպերաների հայտնի արիաները։
Միջոցառումը կեզրափակի Սարյանին նվիրված վավերագրական ֆիլմերի և հաղորդումների ցուցադրությունը։










