Ուորհոլի դիմանկարը վաճառվել է 32,6 մլն–ով
Փոփ արտի հիմնադիր-հայր Էնդի Ուորհոլի շատ աշխատանքներ վաղուց արդեն գնային ռեկորդակիրներ են։ Այս առումով ամենից տպավորիչը 2009թ. աշնանը նույն Sotheby's -ում 43,7 մլն-ով վաճառված՝ Ուորհոլի One Dollar Bills աշխատանքն էր։
Այս անգամ այս կտրվածքով աչքի է ընկել հենց իր` Ուորհոլի ինքնադիմանկարը, որն արվել է նրա մահվանից որոշ ժամանակ առաջ՝ 1986թ. վերջին օրերի թվագրմամբ։ Ուորհոլն իր մահկանացուն կնքել է անսպասելիորեն՝ 1987թ. փետրվարին։
Նյու Յորքի Sotheby's աճուրդում աշխատանքը վաճառվել է 32,6 մլն դոլարով։ Ուշագրավ է, որ սկզբնապես Sotheby's-ի փորձագետները դիմանկարը գնահատել էին 10-15 մլն դոլար։ Մեծ չափերի (2 մ բարձրությամբ) դիմանկարում Ուորհոլը պատկերված է իր ցից-ցի կեղծամով։ Աշխատանքում գերիշխում է սև գույնը։










