Ռերիխը «գործուղումից» կվերադառնա Երևան
Ապրիլի կեսերից Սանկտ Պետերբուրգի «Մանեժ» ցուցահանդեսային կենտրոնում գործում է Ռերիխների մշակութային ժառանգությունը ներկայացնող մասշտաբային ցուցահանդես։ Նախագծի վրա կազմակերպիչներն աշխատել են մի քանի տարի և դրան մասնակցել են 70 թանգարաններ` իրենց տրամադրած նյութերով։
Անմասն չի մնացել նաև Հայաստանի ազգային պատկերասրահը` տրամադրելով մեզ մոտ պահվող Նիկոլայ Ռերիխի միակ աշխատանքը «Կազանի նվաճումը»։ Այս գործը թվագրվում է 1914-ով, ունի 78X83 սմ չափերը, ստեղծվել է որպես Մոսկվայի Կազանի կանգառի որմնանկարի էսքիզ։ Աշխատանքն ըստ ընդունված կարգի Երևան վերադարձնելու նպատակով Պետերբուրգ է ուղևորվել Ազգային պատկերասրահի Հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը։ Գասպարյանը Ռերիխի հետ Երևանում կլինի մայիսի 18-ին։










