Գերմանական «Կեսգիշերային ճեպընթացը» ճանապարհին է
Գերմանական Sat 1 Film-ի կողմից սկսվել են թուրքական բանտում տիրող ապօրինությունների, ինչպես նաև թուրքական դատական համակարգում կամայականությունների մասին պատմող հայտնի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմի գերմանական տարբերակի նկարահանումները:
Թուրքկան Vatan օրաթերթի փոխանցմամբ` «247 օր» վերնագրով ֆիլմում, որի նկարահանումներն արդեն սկսվել են Մալթա կղզում, ներկայացվում են գերմանիայի քաղաքացի Մարկո Վայսի՝ թուրքական բանտում անցկացրած 247 օրերը, այդ ընթացքում նրա մոր ապրումներն ու թուրքական դատական համակարգում տիրող ապօրինությունները։
2007թ. Թուրքիայի Անթալիա քաղաքում Գերմանիայի քաղաքացի Մարկո Վայսը ձերբակալվել էր 13-ամյա մի բրիտանուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով: Նա 247 օր անցկացրել էր թուրքական բանտում, ինչից հետո թուրքական արդարադատությունը որոշում էր կայացրել հանել 17-ամյա երիտասարդի նկատմամբ կիրառված կալանքը, և Վայսը մեկնել էր Գերմանիա:
2009թ. թուրքական դատարանը Մարկո Վայսին դատապարտել էր 26 ամսվա ազատազրկման, սակայն Գերմանիայում նա անմեղ էր ճանաչվել:










