Ո՞վ կմարմնավորի Մերիլին Մոնրոյին 20 միլիոնանոց ֆիլմում
2011թ. հունվարին կսկսվեն բոլոր ժամանակների ամենացանկալի կնոջ` Մերիլին Մոնրոյի (Նորմա Ջին Բեյքեր) մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները: Արդեն իրարանցում է սկսվել գլխավոր հերոսուհու հավակնորդուհիների միջև: Այս պահի դրությամբ ամենահավանական թեկնածուն է համարվում Սքարլեթ Յոհանսոնը, ով կրում է «նոր սերնդի Մերիլին» ոչ պաշտոնական կոչումը:
Դերասանուհիների ընտրությանը մասնակցելու իր մտադրության մասին հայտարարել է ևս մեկ սեքսուալ շիկահեր` Նաոմի Ուոթսը: Իսկ ֆիլմի ռեժիսոր Էնդրյու Դոմինիկը իր կարծիքն է հայտնել առ այն, թե ինչպես է ինքը տեսնում Մերիլինին:
«Տղամարդկանց համար նա սեռական ցանկության առարկա է, կանանց համար` հիացմունքի, կնոջ հանդեպ ամբողջ անարդարության արտահայտման մարմնացում: Ես ուզում եմ պատմել Նորմայի պատմությունը, որը հայտնվեց հեքիաթի կենտրոնում, մի երեխայի, որ մոլորվեց Հոլիվուդում, բայց, միևնույն ժամանակ, դարի պաշտամունքը դարձավ»:










