Երշիկներ, կոյուղի և ֆալոս՝ աշխարհի ամենաարտասովոր թանգարանները

10:24 • 18.05.10

Բրիտանական Daily Mail-ը հրապարակել է ամենաարտասովոր թանգարանային հավաքածուների ցանկը։ Ըստ պարբերականի՝ առավել արտասովորներից է Բեռլինում գտնվող երշիկների թանգարանը (Currywurst Museum)։ Այստեղ 11 եվրոյի դիմաց յուրաքանչյուր այցելուին ներկայացվում է երշիկներից յուրաքանչյուրի պատմությունն ու պատրաստման եղանակը։

Տոկիոյում, օրինակ, կա մակաբույծերի յուրահատուկ թանգարան, որն անվճար է։ Թանգարանի հավաքածուն բաղկացած է 300 ցուցանմուշից, այդ թվում մի կնոջ օրգանիզմից դուրս բերված 90մ երկարությամբ երիզորդից և այլն։ Այս մասին հաղորդում է Travel-ը։

Իսլանդիայում գործում է աշխարհում միակ՝ Ֆալոսի թանգարանը, որտեղ ուշադրության կենտրոնում է տղամարդու սեռական օրգանը և դրա դերը պատմության, արվեստի, մշակույթի և հասարակության մեջ։ Այստեղ ցուցադրված է Իսլանդիայում հանդիպող՝ ծովում և ցամաքում բնակվող կաթնասունների ավելի քան 100 առնանդամ։ Վերջերս 92–ամյա ծերուկն իր առնանդամը կտակել է թանգարանին։ Այնպես որ, մոտ ապագայում թանգարանում կհայտնվի նաև homo sapiens–ի սեռական օրգան։

Փարիզում այցելուները կարող են իջնել գետնի տակ, որտեղ այցելուներին ծանոթացնում են Փարիզի կոյուղու պատմությանը՝ սկսած 13 դարի դրենաժային համակարգից մինչև Նապոլեոնի ժամանակաշրջանի առաջին կոյուղային խողովակները։ Այստեղ կարող է հայտնվել յուրաքանչյուրը, ով չի վախենում գարշահոտից։

Հռոմի Chiesa del Sacro Cuore del Suffragio եկեղեցուն կից մի ահասարսուռ անկյունում է տեղակայված քավարանի սուրբ հոգիների թանգարանը, որի նպատակն է ցույց տալ, թե ինչ հայտնություններ են սպասում հոգիներին դրախտի ճանապարհին։

Բոստոնի հյուրերը կարող են այցելել վատ արվեստի թանգարան։ Դա աշխարհի միակ թանգարանն է, որը հոգ է տանում վատ արվեստի նմուշների պահպանման համար։