Հայկական կատարողական արվեստը ներկայացվեց միջազգային հեղինակավոր փառատոներում

12:49 • 19.05.10

Վերջին շրջանում Հայաստանի կատարողական արվեստը ներկայացնող լավագույն 5 կոլեկտիվներ հանդես են եկել միջազգային փառատոներում։ Այսօրվա ասուլիսին իրենց տպավորությունները լրագրողներին ներկայացրին այդ կոլեկտիվների խմբավարները։

Ինչպես տեղեկացրեց Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանը՝ երգչախումբը մասնակցել է Իտալիայի Լորետո քաղաքում անցկացված «Կույս Լաուրենտինա» հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին։

Ըստ Թոփիկյանի՝ հոբելյանական 50–րդ փառատոնին մասնակցել են նախընտրական փուլում լավագույնը ճանաչված 12 երկրների երգչախմբեր։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը նաև հավելեց, որ փառատոնի վերջին օրը Հայաստանը, ի թիվս այլ երկրների, մասնակիցներին ներկայացրել է ազգային խոհանոցը՝ լի հայկական չրեղենով և, իհարկե, կոնյակով։

Իր հերթին, Գեղարդի վանքի երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը նշեց, որ Լեհաստանի «Հայնովկայի եկեղեցական երաժշտության օրեր» մրցույթ-փառատոնին կոլեկտիվը զբեղեցրել է առաջին տեղը։ Լեհաստանում համույթը ներկայացրել է միջնադարյան հայկական երգեր, դրանց կոմիտասյան, ինչպես նաև ժամանակակից մշակումներ։

Ըստ «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հարությունյանի՝ այս տարի խմբերգային արվեստի համար շատ արդյունավետ տարի է։ Նշենք, որ «Հովերը» և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մասնակցել են մոսկովյան Զատկի փառատոնին։ Հարությունյանը նշեց, որ մոսկովյան հանդիսատեսը շատ ջերմորեն ընդունեց երկու կոլեկտիվների կատարումները։

Հարկ է նշել, որ իրենց տաղանդը և պրոֆեսիոնալիզմը մոսկովյան հանդիսատեսին ներկայացրել են նաև «Հայաստանի փոքրիկ երգիչները»։ Այս մանկական համույթը մասնակցել է Մոսկվայում անցկացվող «Մոլորակի երեխաներն ընկերներ են» խորագրով երգչախմբերի միջազգային 2–րդ փառատոնին։ Այս տարի փառատոնը նվիրվել էր Մեծ Հաղթանակի 65–ամյակին։ Բացի Մոսկվայից երգչախումբը ելույթ է ունեցել Վլադիմիրում և Սուզդալում։