«Հովեր» երգչախմբին լուրջ ստուգատես է սպասում

14:08 • 19.05.10

Այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայում «Հովեր» պետական կամերային երգչախմբը պատրաստվում է անցնել միջազգային լուրջ ստուգատես։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հարությունյանը:

Ըստ նրա՝ այդ ստուգատեսին մասնակցում են պրոֆեսիոնալ կոլեկտիվներ 12 երկրներից։ «Մենք ներկայացնելու ենք մեր գործունեությունը հարյուրավոր մենեջերների»,– պարզաբանեց նա։

Հարությունյանը հավելեց, որ երգչախումբը հանդես է գալու 5 համերգներով տարբեր ոճի երաժշտությամբ։ «Եվ եթե մենք հավանության արժանանանք, ապա ֆինանսական տարբեր հարցեր կստանան իրենց լուծումները»,– նշեց նա։

Խմբավարը նշեց, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում հիշյալ ստուգատեսին։ Նա նաև նկատեց, որ ստուգատեսը հաջողությամբ անցնելու դեպքում «Հովերը» տարվա 45 օրը կանցկացնի հյուրախաղերով: