Եվա Ռիվասը երկրորդ փորձն արել է ամբողջական բեմադրությամբ
«Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը որոշ փոփոխություններ է մտցրել Apricot Stone երգի բեմադրության պարային հատվածում։ Երեկ Օսլոյում կայացել է մրցույթի երկրորդ փորձը՝ ամբողջական բեմադրությամբ։ Նոր տարբերակում երեք բեք վոկալիստները մոտենում են արհեստական ջրվեժին և ձեռքով ջուր են վերցնում։ Այս անգամ առաստաղից կախված փայլուն սպիտակ պղպջակները բարձրանում են այն պահին, երբ կորիզից սկսում է ծիրանենի աճել։ Յուրաքանչյուր կրկներգին բեմի վրա կրակ է բոցավառվում։ Վերջին կրկներգի ժամանակ բոլոր դերասանները մոտենում են իրար և վեր պարզում ձեռքերը։ Այնուհետև Ռիվասը ցույց է տալիս ծիրանի կորիզի ձև ունեցող կուլոնը։
Կատարումն սկսվում է դուդուկի հնչյուններով, սակայն փորձի ժամանակ Ջիվան Գասպարյանի կատարումը չի հնչել, քանի որ նա դեռ չի ժամանել Օսլո։
Ինչպես հաստատել է հայկական պատվիրակությունն իր մամուլի ասուլիսում, իրենք շատ գոհ են եղել 2–րդ փորձից, ասելով, որ ձայնային որոշ նախնական խնդիրներ հեշտ կշտկվեն։ Պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը հայտնել է, որ որոշ փոփոխություններ մտցվել են ներկայացման ընթացքում, որպեսզի ավելի վառ էֆեկտ լինի։ Իրենք ցանկացել են «ամբողջ աշխարհը միասնական տեսնել» բեմի վրա։ Վերջում նա շնորհակալություն է հայտնել իրենց սատարող բոլոր լրագրողներին և երկրպագուներին։










