Nokia-ն ու Yahoo!-ն ռազմավարական գործընկերներ են
Ֆիննական Nokia-ն ու ամերիկյան Yahoo!-ն հայտարարել են ռազմավարական ալյանսի ստեղծման մասին, որի նպատակը շուկայում սեփական առցանց ծառայություններն առաջ մղելն է։ Ընկերությունների տարածած համատեղ հաղորդագրությունում արձանագրվում են համագործակցության հիմնական ոլորտները՝ քարտեզագրական ու նավիգացիոն ծառայություններ, ինչպես նաև էլկտրոնային փոստի ու վայրկենական հաղորդագրությունների փոխանակման համակարգեր։ Նշված ծառայությունները նախատեսվում է զարգացնել ինչպես անհատական համակարգիչների, այնպես էլ բբջային հեռախոսների համար։
Համաձայն ընկերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ Nokia-ն վերածվում է Yahoo!-ի քարտեզների ու նավիգացիոն ծառայությունների գլոբալ բացառիկ մատակարարի։ Դրանք ինտեգրվելու են սեփական արտադրության Ovi Maps ծառայությունում։ Yahoo!-ն, իր հերթին, փորձելու է շուկայում ամրապնդել Nokia Ovi-ի փոստային ծառայության ու չաթի դիրքերը։ Բացի այդ՝ Nokia-ն ու Yahoo!-ն մտադիր են պարզեցնել նույնականացման ընթացքը ընկերությունների ծառայություններից օգտվողների համար։ Nokia-ն մուտքի հնարավորություն կունենա նաև Yahoo!-ի սոցիալական կայքերում, ներառյալ չաթռումները, ինչպես նաև հանրահայտ Yahoo! Mail -ում։ Առաջին համատեղ առցանցային ծառայությունները շուկայում կհայտնվեն տարվա երկրորդ կեսին, ամենուրեք դրանք հասանելի կլինեն 2011-ի տարեսկզբից։
Ինչպես գրում է «Կապիտալը», Yahoo!-ն աշխարհում մեծությամբ երկրորդ որոնողական համակարգն է, վերահսկում է համաշխարհային շուկայի 12,5%-ը։










