Եվրատեսիլում տունտունիկ խաղալու փոխարեն պետք է պրոպագանդել հայ լինելը. Եղիշե Պետրոսյան
«Չորս տարի է՝ կրակն եմ ընկել և ստիպված նայում են «Եվրատեսիլը», քանի որ մասնակցում է նաև Հայաստանը։ Այս տարի մեր կատարողը երկրորդն է, կլսեմ և հանգիստ իմ գործերով կզբաղվեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի շուրջ ստեղծված աժիոտաժը համարելով արհեստական։
Երգահան Եղիշե Պետրոսյանն էլ նշեց, որ լավ կլինի, եթե նման աժիոտաժ ստեղծվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերաբերող բոլոր հարցերի շուրջ։ «Այդպիսի ծախսերով դրսում պետք է պրոպագանդել մեր հայ լինելը։ Մենք տարրական քարոզ չենք կարողանում անել Լեռնային Ղարաբաղի մասով, բայց անհասկանալի գումարներ ենք ծախսում մի ինչ-որ տունտունիկի, մանկապարտեզի հանդեսի համար»,- նշեց բանախոսը։
Ասուլիսի մյուս մասնակիցը՝ երգչուհի Էմմա Պետրոսյանը, խորհուրդ տվեց չխորանալ «Եվրատեսիլի» թեմայի մեջ, քանի որ «դա թեմա չէ, կան ավելի կարևոր խնդիրներ»։










