Եթերը պետք է մաքրել թրիքից. Շուշան Պետրոսյան

15:26 • 27.05.10

«Պետք չէ թույլ տալ, որ բեմը լցվի թրիքի հոտով։ Պետք է ներկայանա ասելիք ունեցող արվեստագետը, սակայն, ցավոք, այսօր գովաբանվում է միջակությունը։ Դա միայն մեր ազգային խնդիրը չէ, ամբողջ աշխարհում դա կա»,- այսօր երգչուհի Էմմա Պետրոսյանի և Եղիշե Պետրոսյանի հետ համատեղ ասուլիսին ասաց  Շուշան Պետրոսյանը՝ անդրադառնալով եթերում հնչող անճաշակ երաժշտության և, այսպես կոչված, նորելուկ աստղերի թեմային։

Ըստ նրա՝ այդ 15-17 տարեկանների հանդիսատեսը տարբերվում է իրենց հանդիսատեսից. «Մեր հանդիսատեսը տարիքային սահմանափակում չունի»։

«Տեսնում ես՝ ցեխոտ ոտքերով և սիգարետ ծխելով մտնում են բեմ, երեք նոտայից գրված երգ են երգում, բառերն էլ չես հասկանում, էս ա մշակույթը».– նկատեց Շուշան Պետրոսյան։

Էմմա Պետրոսյանն էլ նշեց, որ չպետք է թույլ տալ ֆալշի, տգեղի և անթույլատրելիի պրոպագանդումը։ «Թող ինձ ներեն բոլորը, բայց չեմ կարող ասել, թե եթերում գերակշռողը ճիշտն է, դաստիարակչականը և կարևորը։ Եթե այսպես շարունակենք, շատ բան կկորցնենք»,- ասաց նա։

Եղիշե Պետրոսյանն էլ կարծում է, որ ազգովի խաթարված վիճակում ենք, քանի որ ամեն մեկն իր էշն է քշում առաջ։

«Ունենք և՛ շատ լավը, և՛ այն, որը չպետք է պարզապես եթեր հեռարձակել»,- ընդգծեց նա։

Բանախոսները նաև նշեցին, որ պետք է աջակցել այն տաղանդավոր երեխաներին, որոնք հնարավորություն չունեն դիրսևորելու իրենց։ Ըստ նրանց՝ այսօր ընդհատակում են շատ տաղանդավոր երիտասարդներ։

Շուշան Պետրոսյանին ու Էմմա Պետրոսյանին բարկացրել է այն, որ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Արցախում կազմակերպված այս տարվա համերգային ծրագրին իրենց չեն հրավիրել մասնակցելու։

«Մեր մեղադրանքը կազմակերպիչներին է վերաբերում։ Մտածել են՝ կամպաշկով կգնանք, կայֆեր կանենք։ Մայիսի 9-ին ես ու էս մարդը պետք է լինեինք այդ համերգում։ Բա էդ լինելո՞ւ բան էր»,- այսօրվա ասուլիսում իր զայրույթը չթաքցրեց Շուշան Պետրոսյանը։

Էմմա Պետրոսյանն էլ ցավով նշեց, որ սեփական երկրում անպիտան լինելը ահավոր զգացողություն է։ «Ես զգում եմ դա։ Մայիսի 9-ի համերգը մենք պետք է բացեինք և փակեինք»,- ասաց նա՝ թվարկելով նաև մի շարք երգիչների անուններ, ովքեր պետք է մասնակցեին այդ համերգին։

«Արդյո՞ք վերևներից եկող հրահանգ էր դա» հարցին երգչուհիներն այդպես էլ հստակ պատասխան չտվեցին։