Ռիբակը «Եվրատեսիլն» այսօր կբացի վիրակապված ձեռքով

11:55 • 29.05.10

«Եվրատեսիլ» երգի մրցույթի անցած տարվա հաղթող Ալեքսանդր Ռիբակն այս տարի իր կատարումով կբացի մրցույթի եզրափակիչ փուլը, որը տեղի կունենա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շաբաթ լույս կիրակի գիշերը։ Ի դեպ, Ռիբակը երեկ ձեռքը կոտրել է և բեմ դուրս կգա վիրակապված ձեռքով։

Ռիբակը կկատարի իր Fairytale երգը, որով նա «Եվրատեսիլ 2009»-ում հավաքել էր մրցույթի ամբողջ պատմության ընթացքում ռեկորդային քանակությամբ միավորներ։ Երեկ տեղի է ունեցել եզրափակիչի գլխավոր փորձը, որի ընթացքում լրագրողներն ու երկրպագուներն առաջին անգամ տեսել են «Մեծ քառյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Նորվեգիայի ներկայացուցիչների բեմականացված ելույթները։

Եզրափակիչում հանդես կգա 25 երկրի մասնակից հետևյալ հերթականությամբ՝ Ադրբեջանը, Իսպանիան, Նորվեգիան, Մոլդովան, Կիպրոսը, Բոսնիա և Հերցեգովինան, Բելգիան, Սերբիան, Բելառուսը, Իռլանդիան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Թուրքիան, Ալբանիան, Իսլանդիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Ռումինիան, Ռուսաստանը, Հայաստանը, Գերմանիան, Պորտուգալիան, Իսրայելը։ Մրցույթը կեզրափակի Դանիան։

Բուքմեյքերների կանխատեսումներով «Եվրատեսիլի» ֆավորիտներն են Ադրբեջանի ներկայացուցիչ Սաֆուրան, Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը, իսրայելցի երգիչ Խարել Սկաատը, դանիացի Շանիի և Nevergreen խմբից Թոմասի զուգերգը, ինչպես նաև թուրքական maNga խումբը, իսկ ահա Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Նալիչը բուքմեյքերների վարկանշային աղյուսակում նախավերջին տեղում է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։