«Արմավենի» հիմնադրամը նշեց իր 10–ամյա հոբելյանը
Կամերային թատրոնում երեկ երեկոյան կայացավ միջոցառում՝ նվիրված «Արմավենի» հիմնադրամի 10-ամյակին։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց հիմնադրամի նախագահ, բժիշկ ոսկրաբան Արշակ Միրզոյանը, հիմնադրամը բուժօգնություն է տրամադրում ոսկրաբանական խնդիրներ ունեցող երեխաներին։
Այդ ծրագիրն ուղղված է անապահով ընտանիքներին։ «Հիմնադրամը գտնում է անհրաժեշտ միջոցներ, իսկ մեր բժիշկների անձնակազմը կատարում է անվճար բուժում», – ասաց նա։
Ըստ բժշկի՝ հիմնադրամի օգնությանը դիմում են վերջույթների բնածին կամ ձեռքբերովի արատներով երեխաներ։ Վերջին շրջանում վիրահատվել է 71 հիվանդ:
Նշենք, որ «Արմավենի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Միջոցառման ընթացքում, որին մասնակցեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, Ռիտա Սարգսյանը, ներկայացվեցին հիմնադրամի անցած ճանապարհը և ձեռքբերումները։










