Ucom-ի ծառայությունները հասանելի են ևս մեկ համայնքում
Ucom պրովայդերը ընդլայնում է ցանցի աշխարհագրությունը. ընկերության լայնաշերտ ինտերնետը, ինչպես նաև IPTV ծառայությունները հասանելի կլինեն նաև Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներին։ Այս տարվա սեպտեմբերից ընկերությունը նաև նախատեսում է ծառայությունների հասանելիություն ապահովել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչների, իսկ մինչև տարեվերջ՝ Ավան և Նոր-Նորքի վարչական շրջանների բնակիչներին։ Այսօր ընկերության ցանցը ամբողջությամբ ծածկում է Կենտրոն վարչական շրջանը։ Գալիք տարվա առաջին կիսամյակում ընկերությունը նախատեսում է օպտիկամանրաթելային մալուխային ցանցով ծածկել ողջ Երևանը։ Մոտ կես տարվա լայնածավալ աշխատանքների արդյունքում ընկերությունն արդեն ունի 2,5 հազ. բաժանորդ։ Բաժանորդների մասով ընկերությունն արդեն գերազանցել է նախկին սպասումները։
Դավիթաշեն վարչական շրջանում սպասարկման կենտրոնի բացմանը Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը ասաց, որ Դավիթաշեն վարչական շրջանը ամբողջությամբ ծածկված է ընկերության օպտիկամանրաթելային ցանցով։ Բաժանորդագրվելու հայտը ներկայացնելուց հետո համակցումը կկատարվի 15 օրվա ընթացքում։ Առաջիկայում ընկերությունը չի նախատեսում վերանայել առաջարկվող պայմանները (1 Մբտ/վրկ՝ 8 հազ. դրամ)։ «Մեր առաջարկած պայմանները բավական լավն են այսօր շուկայում առկա պայմաններից։ Շուտով հեռախոսակապի ծառայությունների մուտքի հետ նոր փոփոխություններ կլինեն և կառաջարկենք ավելի հետաքրքիր փաթեթներ»,- նշեց նա։










