Լենան Գերմանիային «ծախսի տակ է գցելու»

09:25 • 02.06.10

Նորվեգացիները «Եվրատեսիլի» շաբաթ օրվա եզրափակչից առաջ մտահոգվում էին. իսկ եթե այս անգամ էլ իրենց հայրենակիցը հաղթի։ Եվս մեկ մրցույթ հաստատ երկրի ուժերից վեր է լինելու։ Անգամ ոստիկաններին վճարելու համար կազմակերպիչները ստիպված էին €2 մլն խնդրել պետությունից: Եվ սա դեռ Եվրոպայի ամենահարուստ երկրներից մեկում, որի նավթային պաշարները կբավարարեին հունական ողջ պարտքը մարելու համար:

Մեծ ծախսերի պատրաստվում է Գերմանիան՝ Եվրոպայի ամենախոշոր տնտեսությունը: Երգի մրցույթին հետևող հանդիսատեսին տոմս վաճառելով մեծ փողեր չես աշխատի։ Օսլոյում կիսաեզրափակիչների և գլխավոր փորձերի տոմսերը €37-47 արժեին, եզրափակչինը՝ €100-200: Հաջորդ տարի Գերմանիայում գները, հավանաբար, նմանատիպ կլինեն։

«Եվրատեսիլ-2011»-ի տոմսերը չեն փոխհատուցի գերմանական կազմակերպիչների ծախսերի փոքր մասն անգամ։ Տարբեր գնահատականներով՝ դրանք €20-25 մլն կկազմեն։ Այս տարի Eurovision Song Contest-ի բյուջեի «եկամտային» մասը, մասնակից պետությունների անդամավճարների հետ մեկտեղ, չի գերազանցել €10 մլն-ը։

«Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպման համար գերմանացիները հարկադրված կլինեն €10 մլն-ից ոչ պակաս գումար ծախսել։

Իսկ Լենային` մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկին, հաղթանակը վարդագույն հեռանկարներ է խոստանում: Երեք երգերը, որոնք Լենան կատարել էր մինչ Օսլոյի եզրափակիչը ազգային նախընտրական մրցույթի եզրափակչում, Գերմանիայում ամենատարածված հինգ երգերի ցանկում են։ Հաղթական Satellite-ը, որը Լենան ներկայացրեց Նորվեգիայում, չի իջնում չարթերի առաջին հորիզոնականներից։ Մեծ ընդունելություն է գտել նաև նրա առաջին` My Cassette Player ալբոմը:

Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր վաճառված ձայնասկավառակից Լենան դրա մոտ 10%-ի չափով հոնորար է ստանում, ապա «Եվրատեսիլին» նախորդած երկու ամիսների ընթացքում երգչուհին €80 հազ. է վաստակել։

Օսլոյում նրա հաղթանակից հետո Գերմանիայում մեծ թափով վաճառվում են Լենայի դիմանկարով շապիկներ, դրոշներ, բաժակներ։ Միայն սրա հաշվին երիտասարդ երգչուհին ամսական մոտ €5 հազ. է վաստակում։ Իսկ առջևում «Եվրատեսիլի» հաղթողի հյուրախաղերն են, որոնք լեփ-լեցուն դահլիճներ են խոստանում։ Յուրաքանչյուր համերգ նրան մոտ €10 հազ. կբերի։ Այսպիսի տեմպի պայմաններում Լենան կարող է մյուս տարի արդեն միլիոնատեր դառնալ։

Ավելի մանրամասն կարդացեք «Կապիտալ» օրաթերթում։