Ուզում են նմանվել Ջենիֆեր Լոպեսին. Պլաստիկ վիրաբուժության հայկական առանձնահատկությունները
«Գալիս են երիտասարդ աղջիկներ՝ Ջենիֆեր Լոպեսի կամ Պամելա Անդերսենի նկարով և ասում են՝ այսպիսի ուրվագծեր ենք ուզում»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պլաստիկ վիրաբուժության հայկական դրսևորումների մասին խոսելիս հայտարարեց ՀՀ պլաստիկ վիրաբույժների ասոցացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում պլաստիկ վիրաբույժներին դիմում են նաև աբսուրդ ցանկություններով։
Լրագրողների հետ հանդիպմանը պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ոլորտի երեք մասնագետներ ներկայացրեցին Հայաստանում այդ բնագավառի զարգացումն ու խնդիրները։
«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ, էսթետիկ վիրաբույժ Աշոտ Զարգարյանը նշեց, որ թե՛ պլաստիկ, և թե՛ էսթետիկ վիրաբուժության հիմքում դրված է նույն կրթությունը։ Պլաստիկ վիրաբույժների ասոցացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ աշխարհում պլաստիկ վիրաբուժությունը բաղկացած է երկու ճյուղերից՝ վերականգնողական և էսթետիկ։ Առաջինը, ըստ մասնագետի, զբաղվում է բնածին արատների շտկմամբ, վնասվածքներից, ուռուցքներից հետո հյուսվածքների վերականգմամբ, իսկ էսթետիկ վիրաբուժությունն աշխատում է մարդու արտաքին տեսքի վրա։ «Դա գեղագիտական վիրաբուժությունն է»,– նշեց նա։
Մասնագետների խոսքով, Հայաստանում պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը բուռն զարգացում է ապրում։ Պլաստիկ և էսթետիկ վիրաբույժներին դիմում են առաջին հերթին քթի, ապա կրծքի, պրոթեզավորման, ձգման, տղամարդկանց մոտ՝ որովայնի շրջանի լիպոկսացիայի համար։ Վիրաբույժ Աշոտ Զարգարյանի տեղեկացմամբ, 2009թ. 2008թ. համեմատ, նման վիրահատությունների թվի եռակի աճ է արձանագրվել։ Այսօր այդ վիրահատություններին դիմողների քանակը մի քանի հազարի է հասնում։
«Գեղեցիկ լինելու ցանկությունը միշտ եղել է, միշտ կա և միշտ էլ կլինի, կարող եք չկասկածել։ Այստեղ ուղղակի պետք է ճիշտ հասկանանք, որ սա առաջին հերթին բժշկություն է, վիրաբուժություն՝ իր բոլոր օրենքներով, և բոլոր այն դեպքերում, երբ խախտվում են այդ օրենքները, գերագնահատվում են բժշկի հնարավորությունները կամ չափազանցվում են ցուցումները, անպայման պատժվում են և՛ բժիշկը, և՛ հիվանդը»,– հայտարարեց Հայաստանի պլաստիկ վիրաբուժության ասոցացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը։
Ի դեպ, մասնագետի խոսքով, նման վիրահատությունների դիմողների մեջ վերջին տարիներին ավելացելլ է տղամարդկանց թիվը։
Քանաքեռ–Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի վարիչ Կարեն Դանիելյանի խոսքով, պլաստիկ և էսթետիկ վիրահատություններից հետո բարդությունների հավանականություն կա, ուստի մինչև վիրահատությունը հարկավոր է հիվանդին ներկայացնել խնդրի բոլոր մանրամասներն ու հնարավոր հետևանքները։
Ինչ վերաբերում է գներին, մասնագետները հավաստեցին, որ, օրինակ, Մոսկվայի նմանատիպ կլինիկաների համեմատ Հայաստանում գները 5–10 անգամ էժան են։ Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությանը դիմելու դեպքերի ավելացման պատճառը, մասնագետների խոսքով, թե՛ կենսամակարդակի բարձրացումն է, թե՛ այն, որ հիմա մարդիկ ինֆորմացիայի ստացման ավելի մեծ հնարավորություններ ունեն։










