Երգի թատրոնում փորձում են երգել Սթիվի Ուանդերի ոճով, բայց մկկում են. Ռուբեն Հախվերդյան
Մեր ժողովուրդը երկու մեծ դժբախտություն ունի. մեկը թուրքերից գողացած երգերն են, մյուսը՝ երգի թատրոնը։ Այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց երգահան Ռուբեն Հախվերդյանը։
«Դուք նկատե՞լ եք, թե ինչպես են երգի թատրոնում փորձում Սթիվի Ուանդերի ոճով երգել, բայց արդյունքում մկկում են։ Պետք չէ Սթիվիից ավելի Սթիվի լինել։ Հայ-թուրքական սահմանը մշակութային առումով վաղուց բաց է։ Էդ խեղճ ժողովրդին թալանում ենք»,- ասաց Հախվերդյանը։
Ըստ նրա՝ հայկական ռեստորաններում, «որտեղ հայտնի է, թե ովքեր են լափում, չգիտես ինչու՝ հնչում են ռուսական գողական երգեր՝ տառապած և բանտ նստած մարդկանց մասին, կամ էլ թուրքական լալահառաչ կլկլոցներ»։
Ասուլիսի մեկ այլ մասնակից, երաժիշտ Արմեն Թութունջյանը (Չիկո) ասաց, որ Հայաստանում փակվում են երաժշտական դպրոցները։ Նա ընդհանուր առմամբ բացասական չգնահատեց երաժշտական ոլորտում տիրող իրավիճակը՝ նշելով, որ մի քանի հեռուստաընկերություններ հեռաձակում են ճաշակով երաժշտական նախագծեր։ Իսկ անճաշակ երաժշտությունը նա համեմատեց անճաշակ փողկապի և գուլպայի հետ։










