Հայաստանը պատրաստ չէ ընդունել «Եվրատեսիլը». Տիգրան Պետրոսյան
Այս տարի երգիչ Տիգրան Պետրոսյանն արդեն երրորդ անգամ է մասնակցել «Եվրատեսիլին»` ապահովելով Հայաստանի ներկայացուցչի բեք վոկալը։ Նա իր տպավորությունները պատմեց Tert.am–ին։
«Ինչպես ցույց տվեց այս փորձը՝ երգը պետք է ներկայացնի լավ ստուդիան։ Մեծ ընկերությանը չեն կարող մերժել, դա, երևի, ներքին քաղաքականություն է։ Դա բավականին լուրջ փաստարկ է՝ ունենալ պայմանագիր հայտնի ընկերության հետ»,– ասաց նա՝ նկատելով, որ Գերմանիայի ներկայացուցչի երգի փրոմոուշնով զբաղվում էր Universal Studio–ն։
Բացի դրանից, երգիչը նշեց, որ այս տարվանից նա ավելի լուրջ սկսեց մտածել այս թեմայի շուրջ, և հանգեց այն եզրակացությանը, որ մրցույթի կազմակերպիչները դժվար թե համաձայնեն այն Հայաստանում անցկացնել։
«Իրենք շատ լավ գիտեն ամեն երկրի ենթակառուցվածքը։ Կարծում եմ, որ մենք ընդհանրապես պատրաստ չենք, որ այդ մրցույթն անցնի Հայաստանում՝ սկսած տրանսպորտից և ավարտած հյուրանոցներով։ Մեզ համար շատ բարդ կլինի 40 երկրների պատվիրակություն ընդունել», – նշեց նա։
Այս հարցում Պետրոսյանը տեսնում է նաև քաղաքական կոնտեքստ։ «Իրենց համար բարդ կլինի անցկացնել այդ մրցույթը մեզ մոտ։ Այդ պատճառով ընտրել են Գերմանիան, որի գումարներով, կարելի է ասել, ապրում է Եվրոպայի կեսը», – պարզաբանեց նա։
Ինչ վերաբերում է այս տարի մրցույթին հաղթանակ տարած Լենային, ապա Պետրոսյանը նշեց, որ նրա երգն իրեն դուր եկավ, բայց ոչ կատարումը։ Խոսելով երգի մասին՝ նա նկատեց, որ այն շատ ժամանակակից է և լավ գործիքավորում է արված։ Հավելենք, որ Պետրոսյանին դուր են եկել նաև Բելգիայի, Վրաստանի երգերը։










