Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում. Սիրուշոն ներկայացրեց իր նոր ձայնասկավառակը

14:20 • 05.06.10

Երեկ երեկոյան բացօթյա սրճարանում կայացավ Սիրուշոյի նոր՝ «Հավատում եմ» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Երգչուհուն եկել էին շնորհավորելու ոչ միայն բազմաթիվ երկրպագուները, որոնք նախապես հայտարարված ժամից անհամբեր սպասում էին նրան, այլև շոու բիզնեսի աստղերը։

«Այս ձայնասկավառակի վրա երկար ենք աշխատել, քանի որ շատ էին բացակայությունները, հյուրախաղերը», – ասուլիսին ասաց Սիրուշոն, որը, ի դեպ, եկավ մեկ ժամ ուշացումով։

Ներկայացնելով CD–ն՝ երգչուհին նշեց, որ այն կարելի է համարել փորձնական քայլ։ «Իմ երկիրը գտնվում է Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում, իմ ստեղծագործությունն էլ գտնվում է այդ խաչմերուկում», – ասաց երգչուհին՝ նշելով, որ նոր ձայնագրություններում ինքն օգտագործել է արևելյան մոտիվներ և մոտեցումներ։ Սակայն, ըստ նրա, հայկական արմատներից հնարավոր չէ հեռանալ։

Սիրուշոյի արվեստի երկրպագուները նոր ձայնասկավառակում կարող են լսել նաև disco ոճի երկու երգ։

Խոսելով իր նոր նախագծերի մասին՝ Սիրուշոն տեղեկացրեց, որ արդեն ունի բազմաթիվ հրավերներ։ Հունիսի 25–26 հյուրախաղերով երգչուհին կմեկնի Կանադա, նրան հրավիրում են նաև Հունաստան։