Աշնանը Երևանը կրկին կհյուրընկալի միջազգային մուլտիպլիկատորներին

11:52 • 08.06.10

ReAnimania 2–րդ միջազգային անիմացիոն փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 9–13–ը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց փառատոնի նախագահ և հիմնադիր Վրեժ Քասունին։

Ըստ նրա՝ փառատոնն արդեն ստացել է շուրջ 150 հայտ 35 երկրներից։ Այս տարի մրցութային ծրագրում կներկայացվեն անիմացիոն ֆիլմեր Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից և բազմաթիվ այլ երկրներից։

«Իր աշխատանքն արդեն ներկայացրել է «Մադագասկարի» ռեժիսորը։ Մրցութային ծրագրում է նաև մի նոր ֆիլմ, որն արտադրված է Ֆրանսիայում՝ «Հեքիաթասացի մրցույթ», – ասաց նա՝ նշելով, որ այդ անիմացիոն ֆիլմը մասնակցում է Անսիի փառատոնին։

Քասունին նաև տեղեկացրեց, որ այս տարի փառատոնը կբացվի ֆրանսիական ֆիլմով՝ «Հեծանվորդները Բելվիլից»։

Հիշեցնենք, որ առաջին ReAnimania–ն անցկացվեց 2009թ. հոկտեմբերի 3–6-ը: Անցած տարի փառատոնին մասնակցեց 31 երկիր, այդ թվում` Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Իսպանիան, Ճապոնիան, Արգենտինան, Կանադան և այլն: