Հայաստանն ու Իսրայելը 2011թ. կիրականացնեն լուրջ կինոծրագրեր
Մայիսի 30-ից մինչև հունիսի 6-ը Իսրայելի Սդերոտ քաղաքում կայացած 9-րդ Cinema South միջազգային փառատոնի «Համաշխարհային կինո» ծրագրում «Հայկական կինո» բաժինը ներկայացվել է Հարություն Խաչատրյանի 4 ֆիլմերի հետահայաց ցուցադրությամբ` «Սահման», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը» և «Վերադարձ ավետյաց երկիր»:
Ինչպես այսօրվա ասուլիսին տեղեկացրեց Հարություն Խաչատրյանը՝ իսրայելական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2011թ. սկսել մի քանի լուրջ ծրագրեր կինոյի ոլորտում։ Այսպիսով, նախատեսվում է սկսել երկու երկրների ուսանողների փոխանակման ծրագիր։ Ըստ ռեժիսորի՝ ուսանողներին հնարավորություն կընձեռվի ֆիլմեր նկարահանել, մասնակցել workshop–ի։
Խաչատրյանը հավելեց, որ համագործակցության վերաբերյալ մյուս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թել Ավիվի փառատոնի հետ։
«Հետաքրքրությունը հայկական կինոյի նկատմամբ մեծացել է»,– ասաց ռեժիսորը՝ խոսելով Իսրայելում իր ֆիլմերի հետահայաց ցուցադրության մասին։ Նա նաև հայտնեց, որ Cinema South փառատոն է այցելել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը։
«Գլխավոր զենքը պետք է լինի կինոն, տանկերն արդեն կարևոր չեն»,– Պերեսի խոսքերը մեջբերեց Խաչատրյանը։
Նշենք, որ Հարություն Խաչատրյանի ֆիլմերն ընգրկվել են Սդերոտ քաղաքի կինոդպրոցի ծրագրերում։










