Նորավանքում ընթանում են Մոմիկի թանգարանի կառուցման աշխատանքները
Այս տարի մեծ շուքով կնշվի հայ անվանի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի ծննդյան 750-ամյակը։ «Նախատեսվում է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ», – այսօրվա ասուլիսին ասաց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հոբելյանական ծրագիրը հավանության էր արժանացել կառավարության կողմից։
Այսպիսով, միջոցառումների շրջանակում նախատեսվում է Նորավանքում Մոմիկի թանգարանի բացում, Եղեգնաձորում պատկերասրահի վերաբացում` միջնադարյան ստեղծագործությունների ցուցադրմամբ, ինչպես նաև «Միջնադարի գլաձորյան մանրանկարչությունը և քանդակագործությունը իմ պատկերացմամբ» խորագրով պատանի նկարիչների և քանդակագործների ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերպում:
«Թանգարանի կառուցման աշխատանքներն արդեն կատարվում են», – ասաց Մոսոյանը՝ նշելով, որ օրերս գործակալության աշխատակիցներն այցելել են Նորավանք։
Հիշեցնենք, որ մինչև այդ Նորավանքի տարածքում նախատեսվում էր ռեստորանային համալիրի կառուցում, ինչը մեծ հասարակական հնչեղություն էր ստացել։
Ինչպես ասուլիսին նշեց բանախոսը՝ այդ տարածքն ամբողջությամբ տրամադրվել է թանգարանի կառուցմանը։
Խոսելով մեծ վարպետից մնացած ժառանգության մասին՝ Մուսոյանը նշեց, որ այն շառ լավ պահպանված է։
Մոմիկն ապրել ու գործել է 13-րդ-14-րդ դարերում, Սյունյաց աշխարհում։
Ենթադրվում է, որ նա իր գործունեությունն սկսել է Կիլիկիայում՝ 1283թ.։










