Հեռուստասերիալներում հնչող ժարգոնի պատճառը կերպարնե՞րն են
Գրող, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հեռուստաեթերից հնչող ժարգոնային խոսքին, քրեական և գողական կերպարներով լցված հեռուստասերիալներին։
«Եթե այդ գողական, քրեական սերիալները նկարահանելիս կերպարները խոսեն մաքրամաքուր հայերենով, ծիծաղելի կլինի։ Ուրիշ բան է, որ հեռուստատեսությունն այդ թեմային չպիտի տեղ տար կամ այդպիսի տեղ չպիտի տար։ Այստեղ խնդիրն այն է, թե դու ինչին ես գերակայություն տալիս»,– հայտարարեց Կարինե Խոդիկյանը։
Ըստ նրա, բոլորովին պատկերն այլ կլիներ, այսինքն՝ այլ լեզու կհնչեր հեռուստաեթերից, եթե ցուցադրվող նյութը լիներ փաստաբանի, ուսուցչի, կամ օրինակ՝ «հին երևանցի ընտանիքի» մասին։
«Ի վերջո եկեք մի բան հիշենք՝ մենք դարերով անպետական, անթագ ենք ապրել։ Ինչի՞ շնորհիվ՝ մեր լեզվի և հավատի»,– նշեց նա։










