Սլիմի նոր մտահղացումը՝ Լատինական Ամերիկայի խոշորագույն թանգարանը՝ 66 հազար նմուշներով

12:27 • 14.06.10

Մեքսիկացի գործարար և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող, մեքսիկացի Կառլոս Սլիմը Մեխիկոյում պատրաստվում է կառուցել Լատինական Ամերիկայի կերպարվեստի ամենամեծ թանգարանը։ Այս մասին հաղորդում է Утро.ru-ն։

Թանգարանի վեցհարկանի շենքը՝ 17 հազար քառ.մ ընդհանուր մակերեսով, նախատեսվում է կառուցել 2011թ.։ Ցուցահանդեսի հիմքը կկազմի Սլիմի՝ արվեստի գործերի հավաքածուն՝ 66 հազար ցուցանմուշ։

Մասնավորապես, նրան են պատկանում աշխարհահռչակ ֆրանսիացի քանդագործ Օգյուստ Ռոդենի 300 գործ, այդ թվում՝ «Մտածողը» ու «Համբույրը»։ Թանգարանում, որը, ի դեպ, լինելու է անվճար, այցելուները հնարավորություն կունենան տեսնել Ռուբենսի, Էլ Գրեկոյի, Լեոնարդո դա Վինչիի, Ռենուարի, Կլոդ Մոնեի, Պիկասսոյի, Դիեգո Ռիվիերայի կտավները։