Կարևորը, որ մարդիկ ցանկանան՝ Ջիգարխանյանը քաղաքականության մասին

19:08 • 18.06.10

Թեև այս տարի լրանում է Արմեն Ջիգարխանյանի 75–ամյակը, նա չի պատրաստվում հանգստանալ։ Աշխարհը նրա շուրջ փոխվել է, շատ բան օտար է, բայց նա ունի իր թատրոնը, երիտասարդ դերասաններ, որոնք ուզում են նրանից սովորել։ Ջիգարխանյանը սովորեցնում է, նրանց բնակարանային հարցերն է լուծում, միշտ պայքարում է, որ թատրոնը լավ վիճակում լինի։

GZT.ru–ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ հետաքրքրվում է քաղաքականությամբ։ «Ես չեմ կարող հեռու մնալ դրանից։ Բավական է միացնել հեռուստացույցը և քաղաքական նորությունները ծակում են ականջս, աչքերս և երբեմն նույնիսկ խփում մեջքիս»,– կատակել է դերասանը։

Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե հայ–ադրբեջանական բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս, Ջիգարխանյանը պատասխանել է.

«Կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնության գան։ Դա դժվար է, քանի որ այնտեղ հիմնական խնդիրներից մեկը կրոնական է։ Սակայն ես իմ կյանքի մի մասը Հայաստանում եմ ապրել և մեծ թվով ադրբեջանցի ծանոթներ եմ ունեցել, և հույս ունեմ, որ բոլոր խնդիրները կհարթվեն։ Ես հավատում եմ, որ կրոնը, աքսակալները կօգնեն. նրանք կարող են հասնել նրան, ինչին չի կարող հասնել և ոչ մի նախագահ։ Կարևորը, որ մարդիկ ցանկություն ունենան համաձայնության գալ»,– ասել է նա։

Հունիսի 20–ին Ջիգարխանյանը ստանալու է «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակը՝ «Թատրոնին բարեխիղճ ծառայելու, ազնվության և արժանապատվության համար»։