Բիթլերի երգի ձեռագիր տեքստը վաճառվել է 1,2մլն դոլարով
Աշխարհառչակ «Բիթլզ» խմբի A Day in the Life երգի տեքստի ձեռագիրը Նյու–Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է ակնկալվող 700 հազարից շատ ավելի բարձր գնով։ Այս մասին հաղորդում է BBC–ն։
ԱՄՆ–ից անանուն գնորդը հեռախոսով 1,2 մլն դոլարով ձեռք է բերել ձեռագիրը, որի նախորդ սեփականատերը «Բիթլզի» հյուրախաղերի ադմինիստրատոր Մել Էվանսն էր։
Աճուրդի տան տվյալներով՝ դա «Բիթլզի» ձեռագրերի համար ռեկորդային գումար է։
Թերթիկի 2 կողմերում գրված տեքստը պարունակում է որոշ հեղինակային ուղղումներ և այլ գրառումներ։ Երգի տեքստը հիմնականում գրել էր Ջոն Լենոնը, սակայն ստեղծագործության առաջին հատվածից տեմպով ու տրամադրությամբ կտրուկ տարբերվող երկրորդ հատվածը պատկանում է Փոլ Մակ–Քարտնիի գրչին։
Նշենք, որ A Day in the Life երգը շատ քննադատներ համարում են ռոք երաժշտության պատմության ամենանշանակալի ստեղծագործությունը։










