Մարկ Տվենի անհայտ ձեռագիրը վաճառվեց 242,5 հազար դոլարով
Մարկ Տվենի նախկինում անհայտ ձեռագիրը 242,5 հազար դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում։ Այս մասին ասվում է աճուրդը կազմակերպած Sotheby's տան կայքում։
65 էջից կազմված ձեռագիրը, որի մեջ ընդգրկված են գրողի երիտասարդ տարիների մասին փոքր պատմություններ ու էսսեներ, վերնագրված է «Ընտանեկան ուրվանկար» (The Family Sketch) և նվիրված է նրա դուստր Սյուզիին, որը մահացել էր մինինգիտից 24 տարեկան հասակում։
«Բացառիկ իրին» տիրացած մարդու անունը դեռ չի հրապարակվել։ «Ընտանեկան ուրվանկարը» ընդգրկված է եղել հայտնի ամերիկացի լրագրող ու բարեգործ Ջեյմս Կոպլիի հավաքածուի մեջ, որում ներառված էին նաև Մարի Կյուրիի, Ալբերտ Էյնշտեյնի, Չարլզ Դիկենսի, Մահաթմա Գանդիի և այլ հռչակավոր անձանց նամակներ։
Աճուրդի արդյունքում ընդհանուր առմամբ ստացվել է 2մլն 210 հազար դոլար։










